«Մի՞թե վրդովվող լրտեսիկները ճշմարիտ տեղեկատվություն ունեն ռազմավարական այլ իրավիճակի վերաբերյալ». Պարույր Հայրիկյան

«Ձեր նշած փորձագետի բերած տեղեկություններում մասնագետների համար, ըստ էության, որևէ գաղտնիք չկա։ Եթե դրանք գաղտնիքներ էին, ինչպե՞ս է, որ օտար պետության փորձագետը գիտեր։ Այդ դեպքում նա պիտի լրտեսական գործունեությամբ էլ զբաղված լիներ»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ խոսելով ռուս փորձագետի՝ բուռն քննադատության արժանացած վերլուծական հոդվածի մասին։

Հիշեցնենք, որ ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը վերլուծական հոդված էր գրել, որտեղ փորձել է բացահայտել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմական հնարավորություններն ու գաղտնիքները:

Հայրիկյանը նկատեց, որ ԵԱՀԿ Հելսինկյան համաձայնագրից՝ Եզրափակիչ ակտից հետո (1975 թ.) գաղտնիքների վերաբերյալ շատ բան է փոխվել. նույնիսկ հակառակորդ պետությունները մինչև վերջին զինվորի ճշգրտությամբ տեղեկանում են, թե որն է պետության ներուժը. «Հայերի առողջ բանականությունը պահպանած (ոչ լրտես) հատվածի համար ամենասարսափելին մեր անմխիթար վիճակի այդպիսի հրապարակային մատուցումն է։ Հայաստանի նկատմամբ թշնամական դիրքորոշում ունեցող պետությունները՝ Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը, այդտեղից, այդ հրապարակումից չէ, որ պիտի իմանային իրերի վիճակը։ Փորձագետի նպատակի մասին միայն ինքը կարող է ասել, սակայն, եթե որևէ մեկին փորձագետ ես կոչում, ընդգծում ես, որ նա պարտավոր է իր վարկը բարձրացնելու համար իրավիճակի անաչառ գնահատական տալ։ Դե, ինքն էլ արել է այդ բանը։ Մի՞թե վրդովվող լրտեսիկները ճշմարիտ տեղեկատվություն ունեն ռազմավարական այլ իրավիճակի վերաբերյալ»։

Պ. Հայրիկյանի խոսքով՝ քանի որ պետությունները, նրանց համապատասխան հաստատությունները փորձագետների հրապարակային ելույթներով չէ, որ առաջնորդվում են, այլ ունեն հատուկ գիտահետազոտական, հետախուզական հաստատություններ, ապա այն, հոգեբանականից զատ՝ որևէ այլ նշանակություն ունենալ չի կարող։

Մեր զրուցակիցը համաձայնեց ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովի այն տեսակետի հետ, թե պետք չէ Ռուսաստանին և Ալեքսանդր Խրամչիխինին նույնացնել. «Բնականաբար, այդ փորձագետը պաշտոնապես Ռուսաստանը չի ներկայացնում և պաշտոնական Ռուսաստանի կարծիքը ներկայացնելու իրավասություն չունի»։

Տեսանյութեր

Լրահոս