Սկանդալ Եվրախորհրդարանում. Ստրասբուրգում հույն պատգամավորին դուրս են հանել նիստերի դահլիճից «թուրքերը բարբարոս են» խոսքերի համար
Եվրախորհրդարանում Թուրքիայի հետ փախստականների ճգնաժամի հարցի քննարկման ժամանակ աննախադեպ սկանդալ է ծագել, հայտնում է Euronews-ը:
Հույն պատգամավոր Էլեֆտերիոս Սինանդիսոսը հեռացվել է Ստրասբուրգի նիստերի դահլիճից ռասիստական արտահայտությունների համար: Նա ներկայացնում էր հունական «Ոսկե արշալույս» ուլտրաաջ կուսակցությունը, որը դեմ է հանդես գալիս անօրինական միգրացիային, քննադատում է գլոբալիզացիան:
Հույն պատգամավորին նիստից դուրս է արել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:
«Ես կմեջբերեմ արտահայտությունը, որը, իմ կարծիքով, անընդունելի է: Այն արտաբերել է մեր գործընկեր Սինանդինոսը ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի բանավեճերի ժամանակ: Մեջբերում եմ. «Ինչպես գրել են օսմանցի գիտնականները, թուրքերը բարբարոսներ են, նրանք կեղտոտ են, նման են շների, որոնք ոռնում են, երբ իրենց մրցակիցը հետ է քաշվում: Թուրքի դեմ կարելի է կիրառել միայն բռունցք»:
Այսպիսին է, տիկնայք և պարոնայք, այդ արտահայտությունը: Համաձայն մեր կանոնադրության 165-րդ հոդվածի՝ նման արտահայտությունները խախտում են մեր սկզբունքներն ու արժեքները: Այդ պատճառով էլ ես որոշել եմ միջոցներ ձեռնարկել: Սա սկզբունքային որոշում է, քանի որ ավելի մեծ թվով մարդիկ եբ փորձում հատել թույլատրելիի սահմանն ու ռասիզմն այստեղ թույլատրելի դարձնել»,- հայտարարել է Շուլցը:
Եվրախորհրդարանականների մեծ մասը ողջունել է հույն պատգամավորի հեռացումը նիստերի դահլիճից: Սակայն երկու այլ հույն պատգամավորներ, խոսք վերցնելով, գերմանացի Մարտին Շուլցին անվանել են «ֆաշիստ»: