Ֆեյսբուքյան օգտատերերը Հենրիխ Մխիթարյանին խնդրում են հանդիպել հազվագյուտ համախտանիշով տառապող երեխայի հետ
Ֆեյսբուքյան օգտատերեր Մխիթար Հայրապետյանը և Վահան Կոստանյանը հայտարարություն են տարածել, որում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին խնդրում են իրականացնել 13-ամյա Կառլենի երազանքը, ով հիվանդ է Թրիչեր Քոլինզի համախտանիշով:
Հայտարարության հեղինակները նկատում են, որ Հայաստանում Հենրիխ Մխիթարյանին սիրում են բոլորը։ «Անկախ նրանից՝ ֆուտբոլի սիրահար ես դու, թե ոչ, միևնույն է, հպարտանում ու հիանում ես նրանով։ Եվ խոսքը միայն Հենրիխի ֆուտբոլային տաղանդի մասին չէ, նա մարդկանց սրտերը գրավում է նաև իր տեսակով, իր մարդ տեսակով: Դե իսկ թե ինչպես են նրան ընդունում երեխաները… Պատկերը մեզ համար առավել ամբողջական դարձավ միայն վերջերս, երբ ընկերներով այցելել էինք լուրջ առողջական խնդիրներ ունեցող 13-ամյա Կառլենին։ Այն հարցին, թե ինչ երազանք ունի Կառլենը, Թրիչեր Քոլինզի համախտանիշով հիվանդ փոքրիկն անմիջապես պատասխանեց. «Երազում եմ հանդիպել Հենրիխ Մխիթարյանին, նրա հետ ֆուտբոլ խաղալ»:
Թեև մենք որևէ բան չխոստացանք մեր կրտսեր ընկերոջն ու նրա ծնողներին՝ տարբեր հանգամանքներ հաշվի առնելով, բայց,այնուամենայնիվ, որոշեցինք փորձել, ինչու ոչ, իսկ գուցե ստացվի։ Մեզ հաջողվեց գտնել ֆուտբոլիստի մոր՝ տիկին Մարինայի հեռախոսահամարը, սակայն այդպես էլ չկարողացանք կապ հաստատել նրա հետ։ Հենրիխի ֆեյսբուքյան էջի ադմինիստրատորներին նամակ գրել չկարողացանք, դե իսկ էջում որևէ գրառում անելն անօգուտ է, քանի որ ամեն օր հազարավոր մարդիկ տարատեսակ գրառումներ են կատարում։ Արդյունքում ստացանք Կառլենի մոր՝ տիկին Աղավնու թույլտվությունն ու որոշեցինք հարցը հանրային դարձնել՝ փոքրիկի երազանքն իրականացնելու համար օգտագործելով համացանցը։ Ի դեպ, նման երազանք ունի ոչ միայն Կառլենը, վերջին օրերին առողջական խնդիրներ ունեցող շատ երեխաներ մեզ հետ զրույցում իրենց ցանկությունն են հայտնել տեսնել ֆուտբոլիստին։
Հիշում եք չէ՞ «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի աֆղանստանցի փոքրիկ երկրպագուին, որը պոլիէթիլենային տոպրակից արգենտինացի ֆուտբոլիստի անվամբ մարզաշապիկ էր պատրաստել։ Համացանցի շնորհիվ էր, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն իմացավ այդ մասին և իր ինքնագրով մարզաշապիկը նվիրեց նրան։
Հաշվի առնելով այն փաստը, որ մարտի 25-ին Երևանում կայանալու է Հայաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպումը՝ պարզ է դառնում, որ Հենրիխ Մխիթարյանը շուտով վերադառնալու է հայրենիք։ Ուստի հույս ունենք, որ մեր ձայնը լսելի կդառնա Հենրիխի համար, որին խնդրում ենք Երևանում գտնվելու օրերին կես ժամ տրամադրել և իրականություն դարձնել Կառլ ենի և ընկերների երազանքը։ Բոլորին կոչ ենք անում ակտիվ մասնակցել այս նախաձեռնությանը։ Միայն ձեր աջակցության շնորհիվ մեզ կհաջողվի կապ հաստատել Հենրիխի կամ նրա մերձավորներից որևէ մեկի հետ»,- ասված է հայտարարության մեջ: