Բաժիններ՝

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել Նենսի Ռեյգանի հրաժեշտի արարողությունը

ԱՄՆ-ում կայացել է երկրի նախկին առաջին տիկին Նենսի Ռեյգանի հրաժեշտի արարողությունը, ով մահացել էր անցած կիրակի 94 տարեկան հասակում, հայտնում է BBC-ն:

Հուղարկավորությունը տեղի է ունեցել Կալիֆոռնիայում՝ Ռոնալդ Ռեյգանի անվան նախագահական գրադարանի տարածքում:

Արարողությանը մասնակցել է մոտ 1000 մարդ: Հյուրերի թվում եղել են ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման, ԱՄՆ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնն ու ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշը:

Նա համարվում էր Սպիտակ տան ամենաազդեցիկ տիրուհիներից մեկը ԱՄՆ պատմության ընթացքում՝ իր ամուսնու՝ Ռոնալդ Ռեյգանի կառավարման տարիներին, ով ԱՄՆ նախագահի պաշտոնն զբաղեցրել էր 1981-1989թթ.:

Նրանց միությունը, որը տևեց 52 տարի, համարվում է ԱՄՆ նախագահական կառավարման պատմության մեծագույն սիրավեպերից մեկը:
Մինչ ամուսնու հետ ծանոթությունը նա դերասանուհի է եղել: 1952թ. Նենսին ամուսնացել է Ռոնալդ Ռեյգանի հետ, ով այդ ժամանակ ԱՄՆ դերասանների գիլդիայի ղեկավարն էր:

Նա ամուսնու կողքին է եղել թե´ ուրախության, թե´ տխրության ժամանակ: Ռոնալդ Ռեյգանը մահացել է 2004թ. Ալցհեյմերի հիվանդությունից: Հայտնի է, որ ամուսինները շատ մտերիմ են եղել: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Նենսին մեծ ազդեցություն է ունեցել ամուսնու վրա Սպիտակ տանը գտնվելու տարիներին:

Նա հայտնի էր նորաձևության ու նորագույն ոճերի նկատմամբ մեծ հետաքրքրությամբ: Նենսի Ռեյգանին քննադատում էին շքեղության ու զգեստների նկատմամբ մեծ հակվածության համար, սակայն ավելի ուշ նրա նկատմամբ քննադատությունը փոխվեց հարգանքի՝ նրա անձնական որակների ու ամուսնու նկատմամբ մեծ հավատարմության ու նվիրվածության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս