Օսկանյանը կողմնորոշվել է. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթի տեղեկություններով, մոտ ապագայում պաշտոնապես կհայտարարվի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ կուսակցության ստեղծելու մտադրության մասին։ Որ Օսկանյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել, սկսեց խոսվել դեռ անցյալ մարտին ԲՀԿ-ն լքելու նրա հայտարարությունից մեկ-երկա ամիս անց։ Անցյալ սեպտեմբերին արդեն սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Չեք անցկացնի» նախաձեռնության երիտասարդները լրագրողի հարցին, թե Վարդան Օսկանյանի հետ նոր հանդիպումներ եղե՞լ են, պատասխանեցին, «…ինքը հիմա իր կուսակցաշինությամբ է զբաղված ու դրանով է առաջնորդվում…»։ Սպասվում էր, որ Վարդան Օսկանյանի կուսակցությունը պետք է «Ոչ»–ի շարժման առաջնագծում լինի։ Բայց կուսակցություն այդպես էլ չստեղծվեց, եւ փոխարենը նախկին արտգործնախարարը սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի դուրս եկավ միայնակ, շատ հաճախ իր ֆեյսբուքի էջում գրառումներ կատարելով, երբեմն նաեւ՝ ԶԼՄ-ներով։

Օսկանյանի կուսակցությունը, բնականաբար, կապվում է Քոչարյանի անվան հետ, համարվում է, եւ մամուլում բազմիցս գրվել է, որ կուսակցության առանցքային դեմքերը կլինեն Քոչարյանին անթաքույց համակրող քաղաքագետներ՝ Երվանդ Բոզոյանը, Անդրանիկ Թեւանյանը, ինչպես նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը։

Թեմայի շուրջ Ստեփան Մարգարյանից որեւէ տեղեկատվություն ստանալու բոլոր փորձերը երեկ ապարդյուն անցան։ Նա հեռախոսով պատասխանեց, ավելի ճիշտ՝ չպատասխանեց մեր մի քանի հարցերին.

– Պարոն Մարգարյան, պատրաստվո՞ւմ եք անդամագրվել Օսկանյանի կուսակցությանը։

– Արդեն ստեղծվե՞լ է այդ կուսակցությունը։ Երբ որ կստեղծվի, այն ժամանակ կխոսենք։ Ես չհղած բաների մասին չեմ կարող խոսել։

– Դուք փաստորեն, չեք մասնակցում այդ կուսակցության ստեղծման աշխատանքներին, քննարկումներին։

– Գիտե՞ք ինչ, ես շատ բանի եմ մասնակցում, կամ չեմ մասնակցում, բայց երբ որ դա կլինի փաստ, նոր այն ժամանակ ձեր հարցերին կպատասխանեմ։

– Վարդան Օսկանյանի հետ, օրինակ, վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել եւ ինչ եք խոսել։

– Վարդան Օսկանյանի հետ ես միշտ էլ հանդիպում եմ, դրանք ներքին քննարկումներ են, որոնց մասին չպետք է հիմա ձեզ պատմեմ։

– Պարոն Մարգարյան, տարածված կարծիք կա, որ դուք անպայման անդամագրվելու եք այդ կուսակցությանը, ո՞րն է սրա հիմքը։

– Դե հիմա հարցերը վախելով չի։ Երբ որ կստեղծվի, խոստանում եմ, մանրամասն կխոսենք, իսկ առայժմ բան չունեմ ասելու։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս