Բաժիններ՝

Ինչու ծնողները հաճախ չեն ցանկանում երեխաներին ուղարկել ավագ դպրոց` ըստ Լևոն Մկրտչյանի

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադառնալով ավագ դպրոցներում ավարտական քննությունների կարգին՝ դժգոհություն հայտնեց. «Մենք ունենք, եթե չեմ սխալվում, 6 ավարտական քննություն, բայց եկեք հասկանանք՝ ինչո՞ւ, չէ՞ որ մենք ժամանակին ընդունել էինք հոսքային դասարաններ: Եթե մենք ժամանակին ասել ենք, որ ավագ դպրոցը պետք է մասնագիտական   կողմնորոշում տա, ապա ինչո՞ւ չենք բեռնաթափում ավագ դպրոցը, որպեսզի երեխան իր հետագա կրթությունն ընտրելու ժամանակ իր մասնագիտական կարողություններին ավելի մեծ ուշադրություն դարձնի: Այդ է պատճառը, որ ծնողները շատ հաճախ չեն ցանկանում երեխաներին ուղարկել ավագ դպրոց՝ հետ պահելով երեխային ողջ ծանրաբեռնվածությունից, որ առաջարկում է դպրոցը, և դա դառնում է այդ դպրոցի մեծ խնդիրներից մեկը»:

Պետք է կարողանալ որակը տարանջատել մեխանիկական շարունակություններից՝ կարծում է կրթության նորանշանակ նախարարը: Քիչ թվով աշակերտներ ունեցող դպրոցների համար հոսքային դասարանների ապահովման ուղղությամբ նախարարը լուծման տարբերակներ ևս տեսնում է. «Ավելի լավ է այդ դպրոցների համար ավելի շատ գումար ծախսենք և այնտեղ նույնպես ապահովենք այդպիսի դասարաններ, քան այնպիսի վիճակ ստեղծենք, որ ծնողը կամ երեխան շահագրգռված չլինի հաճախելու դպրոց»:

Նախարարը գտնում է, որ մարզային դպրոցներում այս առնչությամբ որակներն ավելի բարձր են. «Մարզային կտրվածքով ավագ դպրոցները շատ ավելի կայացած են, այնտեղ երեխաները ոչ միայն կանոնավոր հաճախում են դպրոցներ, այլև մինչև երեկո մնում են այնտեղ: Այնտեղ, որտեղ այլընտրանքը շատ չէ, ավագ դպրոցները շատ հեշտությամբ կայանում են: Շուտով մենք կանոնավոր շրջայցեր ենք ունենալու դպրոցներ, որոնց մասին դպրոցների տնօրենները նախապես չեն զգուշացվելու: Սա պատժելու համար չէ, այլ պարզապես ականատեսի աչքերով տեսնելու, թե դպրոցներն ինչ խնդիրներ ունեն, ինչն է պետք այլ կերպ կազմակերպել, առավել մեծ արդյունավետություն ստանալու համար, և այլն: Հիմա առիթն օգտագործելով՝ ուզում եմ հայտարարել, որ ամեն շաբաթ նախարարը պարտադիր կայցելի մարզային և երևանյան ենթակայության որևէ դպրոց»:

Անդրադառնալով 12-ամյա կրթության շուրջ առաջացած դժգոհություններին՝ Լևոն Մկրտչյանը նշեց. «Վստահ եմ՝ այս առնչությամբ ծագած խնդիրներն ինչ-որ չափով վատ քարոզչության և բովանդակային անհամապատասխանությունների արդյունք է: Կարելի է ծրագիրն այնպես կազմել, որ վերջին դասարանում սովորող աշակերտները հնարավորություն ունենան ավելի շատ ժամանակ տրամադրել մասնագիտական առարկաներին, որով իրենք պատրաստվում են շարունակել իրենց ուսումը բուհերում»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս