Ոստիկանն անհիմն մեղադրվել է հանցագործության կատարման մեջ. ՀՔԾ
Քաղաքացի Գագիկ Գ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայող Էդվարդ Ա.-ն կեղծ տվյալներ է ներկայացրել անձնագրային բաժանմունք՝ որդու կողմից տնակում չբնակվելու վերաբերյալ, որի հետևանքով վերջինս չի կարողացել ստանալ զինվորական գրքույկը և զրկվել է անվճար բուժօգնություն ստանալու հնարավորությունից:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի շրջանակներում` ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների, հիշյալ տնակի հարևանությամբ գտնվող բնակիչների բացատրություններով պարզվել է, որ նշված տնակում որևէ մեկը չի բնակվում: Բացի այդ, Գյումրու քաղաքապետարանից և հետաքննական մարմնից ստացված նույնաբովանդակ գրություններով հաստատվել է, որ քաղաքացի Գագիկ Գ.-ի հաղորդման մեջ նշված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը: Արդյունքում` նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ քաղաքացի Գագիկ Գ.-ն հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի ծառայողին:
Գագիկ Գ.-ի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: