
Փայլակ Հայրապետյանը բողոքարկել է դատավճիռը

Գործարար Փայլակ Հայրապետյանը բողոքարկել է ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով Փայլակ Հայրապետյանին պարտավորեցրել էին «զանգվածային լրատվության նույն միջոցով հերքել փաստացի տվյալները, որոնք դատարանը համարել էր զրպարտություն: Փայլակ Հայրապետյանի դեմ հայց էր ներկայացրել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պահանջելով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները և բռնագանձել 1 մլն դրամ:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանում բողոքը կքննվի դատավոր Տարոն Նազարյանի նախագահությամբ, Ամրահի Պետրոսյանի և Կարեն Չիլինգարյանի մասնակցությամբ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այս գործով վճիռը հրապարակել էր 2015թ. դեկտեմբերին: Դատարանը վճռել էր նաև պատասխանող Փայլակ Հայրապետյանից հօգուտ հայցվոր Տիգրան Սարգսյանի բռնագանձել 100 000 դրամ` որպես բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաև՝ այլ գումար:
Վերաքննիչ դատարանը գործը վարույթ է ընդունել և մարտի 30-ին դատական նիստ է նշանակել: