«Կարծում եմ՝ Մարդու իրավունքների պաշտպանն էլ իր դիրքորոշումը պիտի արտահայտի». Արման Թաթոյանը՝ Ընտրական օրենսգրքի նախագծի մասին
Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ուսումնասիրության փուլում է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Կարծում եմ, որ այստեղ մարդու իրավունքների պաշտպանն էլ իր դիրքորոշումը պիտի արտահայտի: Ծավալուն փաստաթուղթ է, բայց շատ արագ ենք ամեն ինչ անում, որովհետև այսքան մեծ ծանրաբեռնվածության պայմաններում փորձում ենք սա էլ անել: Մեր դիրքորոշումը չհնչեցնենք»,- ասաց նա:
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում այն հանգամանքը, որ հանրությունն օրենսգրքի նախագծին ծանոթացավ Վենետիկի հանձնաժողովի կայքից, Արման Թաթոյանը պատասխանեց, որ, եթե չի սխալվում, հրապարակում է եղել այն մասին, որ քննարկումների ամբողջ ծանրությունը տեղափոխվում է խորհրդարան.
«Այս պահին չեմ ուզում խորանալ դրա առանձնահատկությունների մեջ, որովհետև քաղաքական վտանգը կա, որ չներգրավվեմ գործընթացներին, բայց մասնագիտական գործընթացի շրջանակներում արդեն ուսումնասիրվում է: Ուշադրության կենտրոնում գտնվող ակտերից է: Կարծում եմ՝ ձեզ հետ միասին քննարկելու առիթ կլինի»:
Արման Թաթոյանն ասաց նաև, որ գործընթացի հետ կապված իր դիրքորոշումը կհայտնի ուսումնասիրությունից հետո: Նա նշեց, որ կարևոր է, որ որոշումների ընդունումից առաջ հանրությունը մասնակցի քննարկումներին.
«Ես դա կարևորում եմ և հույս ունեմ, որ այդ ընթացքում կապահովվի հանրային լայն մասնակցություն»: