«Հնարավոր արկածախնդրության դեպքում հայկական կողմերը միշտ պատրաստ են հակահարված տալու և պատժելու». Շավարշ Քոչարյան

Ռուսական «Ռազմաարդյունաբերական սուրհանդակ» պարբերականում օրերս վերլուծություն էր հրապարակվել ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի կողմից, որում հեղինակը փորձել է բացահայտել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմական հնարավորություններն ու գաղտնիքները, ինչը բավականին լուրջ քննադատական ալիքի պատճառ է դարձել հայաստանյան սոցցանցերում և ԶԼՄ-ներում:

Հոդվածը շատերի կողմից որակվում է՝ որպես դավաճանություն Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի կողմից, քանի որ տեղեկություններ են հրապարակվել նաև Հայաստանի ռազմական ստորաբաժանումների հասցեների, նրանց տրամադրության տակ գտնվող սպառազինության վերաբերյալ:
Այս առնչությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կառավարությունում ասաց.

«Հարց առաջին՝ եթե գաղտնիք է, ապա շատ դժվար է գնահատել՝ արդյոք այն, ինչ հրապարակվել է, համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: Սկսենք դրանից: Իրականում ես կարող եմ ընդամենը մի բան ասել՝ չխորանալով այդ թվերի մանրամասների մեջ, որ, համենայնդեպս, հնարավոր արկածախնդրության դեպքում հայկական կողմերը միշտ պատրաստ են հակահարված տալու և պատժելու»:

Հարցին՝ արդյոք Ադրբեջանի դեպքում նման ցուցակ հրապարակվե՞լ է, Շավարշ Քոչարյանը պատասխանեց.

«Ադրբեջանի դեպքում մենք վաղուց տեղյակ ենք, և դա նաև հրապարակվել է ռուսական մամուլում, թե ինչ է ստացել և ինչ է ստանալու: Դա հայտնի է»:

Տեսանյութեր

Լրահոս