«Սա քողարկված մեծամասնական համակարգ չէ». Աղվան Վարդանյան

«Բազմաթիվ հարցեր կան, որ մեր առաջարկությամբ արդեն իսկ տեղ են գտել նախագծում, բայց աշխատանքը դեռ ավարտված չէ: Մենք կշարունակենք աշխատել Ընտրական օրենսգրքի վրա: Նպատակը մեկն է՝ ունենալ այնպիսի ընտրական մեխանիզմներ, որոնք էապես կմեծացնեն հանրության վստահությունն ապագա ընտրությունների նկատմամբ: Այդտեղ բազմաթիվ խնդիրներ կան, նույն ընտրողների ցուցակների հրապարակումը, որ մշտապես եղել է մեր պահանջը տարիներ շարունակ և մենք դիմել ենք Սահմանադրական դատարան, բայց այսօր մենք ունենք ռեալ իրականություն, փաստ՝ ՍԴ որոշումը, որ ինչ-որ առումով խոչընդոտ է: Այդուհանդերձ, ես վստահ եմ, որ Վենետիկի հանձնաժողովը, որը տարիներ շարունակ ինքն էր դեմ և ոչ ժողովրդավարական էր համարում այդ հրապարակումը, ևս մեկ անգամ այդ հարցը կքննարկի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Ըստ նրա՝ պետք է խնդիրները բաժանել, ցուցակների հրապարակումը միակ բալասանը չէ և դրանով բոլոր հարցերը չեն լուծվելու, նույնիսկ կարող են խնդիրներ առաջանալ, բայց վստահությունը մեծացնելը, մատչելիությունը մեծացնելը, այնպիսի մեխանիզմներ ներդնելը, որ քաղաքացիներն ու քաղաքական ուժերը համոզված լինեն, որ ուրիշի փոխարեն հնարավոր չէ քվեարկել: Բալասանը, Ա.Վարդանյանի խոսքով, նոր տեխնիկական միջոցների ներդրումն է, թեև ժամանակը կարճ է, բայց պետք է փորձել ՀՀ բոլոր քաղաքացիներին ապահովել մեկ միասնական փաստաթղթով, իսկ եթե դա հնարավոր չլինի, այլ լուծումներ գտնել: Ա.Վարդանյանը չբացառեց, որ կարելի է քայլեր անել ընտրողների ցուցակների մատչելիության ուղղությամբ, որ այդ հարցերն էլ լուծում գտնեն:

Վենետիկի հանձնաժողով ուղարկված նախագծում ընդդիմադիրների առաջարկները չներառելը և առանց Հայաստանում քննարկելու փաստաթուղթն ուղարկելը եզրակացության Ա.Վարդանյանը պատճառաբանեց տեխնիկական հարցերով, որ եթե ուշ ուղարկվեր, հանձնաժողովը չէր հասցնի հարցը քննարկել իր առաջիկա նիստում. «Չեմ կարծում, թե այստեղ մեծ ողբերգություն կա, կա նախագիծ կառավարության մասնագիտական խմբի կողմից ստեղծված, կա լայն հնարավորություն առաջիկա ամիսներին՝ և լսումների, և՛ միջազգային կազմակերպությունների քննարկումների միջոցով բոլոր առաջարկությունները ներկայացնել:

Ա.Վարդանյանը չի կիսում այն տեսակետները, որ սա քողարկված մեծամասնական համակարգ է: Նրա համոզմամբ՝ սա 100%-անոց համամասնական ընտրակարգ է, որն ունի իր տարբերակները:

Կարդացեք նաև

Դիտորդների և ԶԼՄ-ների թիվն ընտրատեղամասերում սահմանափակելը, ՀՅԴ-ական պատգամավորի կարծիքով, պետք է վերացվի և խնդիրը պետք է ինքնակարգավորվի:

Տեսանյութեր

Լրահոս