
Վրաստանը չի բացառել 2016թ. Ռուսաստանի հետ վիզայի չեղարկումը

Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն չի բացառել, որ արդեն 2016թ. չեղյալ կհայտարարվի երկու երկրների միջև վիզային ռեժիմը, հայտնում է «Իմեդի» հեռուստաալիքը:
Մարտի 16-ին Պրահայում ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ պլանավորված հանդիպումից առաջ Աբաշիձեն հայտարարել է, որ իր ռուս գործընկերոջ հետ կքննարկի արդեն երկու ամիս գործող վիզային ռեժիմի դյուրացման դետալները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք կքննարկենք այն, թե ինչպես է գործում վիզային ռեժիմը, կա՞ն արդյոք խնդիրներ մեր կողմից ու հարկավո՞ր է ինչ-որ բան անել այդ ուղղությամբ: Վիզային ռեժիմը, իրոք, բավական դյուրացել է ու մենք չենք բացառում, որ այս տարի այն ամբողջությամբ կհանվի»,- հայտարարել է Աբաշիձեն:
Նրա խոսքով՝ օրակարգում դրված են նաև առևտրատնտեսական, տրանսպորտային ու մարդասիրական հարցեր:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ-ն 2015թ. դեկտեմբերի 23-ից բավական հեշտացրել է Վրաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի արտոնագիր ստանալը: Վրաստանը ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 2008թ. օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո: