Հայաստանում անցած 6 օրում գրանցվել է 20 երկրաշարժ
Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը մարտի 3-9-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 20 երկրաշարժ, որից 19-ը՝ Գավառ քաղաքից 21 կմ դեպի հարավ-արևմուտք:
Թույլ երկրաշարժերի պարսը գրանցվել մարտի 4-ից մինչև 5-ը, տեղական ժամանակով ժամը 11:03-03:24-ը, 1-ից մինչև 2 բալ ուժգնությամբ (0.1-ից – 1.6 մագնիտուդ): Մարտի 9-ին Վանաձոր քաղաքից 14 կմ դեպի հարավ գտնվող էպիկենտրոնով ստորգետնյա ցնցման ուժգնությունը եղել է 3-4 բալ (մագնիտուդ 2.7): Երկրաշարժը, մասնավորապես, զգացվել է Ստեփանավան քաղաքում և մոտակա բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Տարածաշրջանում նույն ժամանակահատվածում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ: Մարտի 2-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում տեղի է ունեցել 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4) երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Խոյ քաղաքից 52 կմ դեպի արևմուտք: Նույն օրը Վրաստանի Դմանիսի քաղաքից 20 կմ դեպի հյուսիս-արևմուտք գրանցվել է 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.0) երկրաշարժ: Մարտի 3-ին Թուրքիայում տեղի է ունեցել 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.8) ստորգետնյա ցնցում՝ Վան քաղաքից 40 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող էպիկենտրոնով: Հաջորդ օրը Թուրքիա-Վրաստան սահմանային գոտում՝ Արդահան քաղաքից 57 կմ դեպի հյուսիս-արևելք, գրանցված երկրաշարժի ուժգնությունը եղել է 3 բալ (մագնիտուդ 1.8):