Բաժիններ՝

Գյումրիում միայն մատուցողուհու ու պարուհու աշխատանքի առաջարկ կա՞

Asparez.am-ը գրում է. Վերջին շրջանում Գյումրու կենտրոնական փողոցների կանգառների, շինությունների պատերին, նույնիսկ հաստաբուն ծառերի վրա կարելի է կարդալ հազար ու մի հայտարարություն: Առաջատարներից են՝ «Վաճառվում է…», «Տրվում է վարձով…» գլխատառերով սկսվող հայտարարությունների տեքստերը: Սրանց հաջորդում են՝ «Ուղիղ երթուղիներ՝ Ռուսաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի քաղաքներ», «Բեռնափոխադրումներ՝ Արցախի եւ Հայաստանի բոլոր զորամասեր…» բովայդակությամբ հայտարարությունները:

«Պահանջվում է…», «Աշխատանքի է հրավիրվում…»-ով հայտարարությունների Գյումրիում հանդիպել գրեթե հնարավոր չէ: Մեր դիտարկումների արդյունքում պարզ դարձավ, որ, մասնավորապես, Սայաթ-Նովայի, Ռիժկովի,Գարեգին-Նժդեհի, Շահումյանի փողոցներում, Անկախության եւ կենտրոնական հրապարակի, ինչպես նաեւ, դրանց հարակից վայրերում, որոնք ավելի մարդաշատ են եւ հայտարարությունների զգալի մասը փակցվում են այդտեղ, որեւէ աշխատանքի ընդունման գրություն չկա:

Աշխատանքի առաջարկի միակ հայտարարությունը հանդիպում է  Շիրակացի փողոցի կանգառներից մեկի ապակու վրա: Բովանդակությունն հետեւյալն է՝ «Պահանջվում է մատուցողուհի եւ պարուհիներ՝ բարձր վարձատրությամբ»: Մշտապես կանգառի հարակից վայրում իր մեքենան կանգնեցնող տաքսու վարորդներից մեկը ասաց, որ մոտ մեկ ամսից ավելի է, որ հայտարարությունը փակցված է, իսկ գյումրեցի աղջիկները կարդում են ու զարմացած հեռանում:

Հավաստի աղբյուրներից կայքը ճշտել է, որ աշխատանքը առաջարկվում է գիշերային ակումբում: Կայքը փորձել է  նաեւ բանավոր հարցումներ կատարել Շիրակացի փողոցի նշյալ հատվածի անցորդներից, թե ի՞նչ կարծիք ունեն նման աշխատանքի առաջարկի վերաբերյալ: Հարցման համար ընտրվել է  8 քաղաքացի՝ երկու 20-25 տարեկան երիտասարդ տղաների, երկու՝ մոտ 45-50 տարիքի տղամարդկանց եւ նույն հաջորդականությամբ աղջիկների ու կանանց: Ութ քաղաքացիներից եւ ոչ մեկը պարուհու աշխատանքը պատվաբեր չհամարեց, իսկ մատուցողուհու տարբերակի համար արական սեռի ներկայացուչիները նշեցին, որ չեն թույլատրի իրենց կանանց, ընկերուհիներին կամ աջիկներին կատարել այդ աշխատանքը: Կանայք եւ աղջիկները նշեցին, որ եթե մատուցողուհու աշխատանքը առաջարկվի մանկական կամ սիրահարների համար նախատեսված սրճարանում, դեմ չեն լինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս