«Ռուսաստանը ոչ միայն զենք է վաճառում Ադրբեջանին, այլև արդեն հրապարակում է Հայաստանի ռազմական գաղտնիքները». «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանը ոչ միայն զենք է վաճառում Ադրբեջանին, այլև արդեն հրապարակում է Հայաստանի ռազմական գաղտնիքները։ Ռուսական «Ռազմաարդյունաբերական սուրհանդակ մասնագիտացված ռազմական շաբաթաթերթը մի շարք տվյալներ է հրապարակել հայկական զինված ուժերի վերաբերյալ։
Ընդ որում՝ մանրամասն անդրադարձ է կատարվել ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումներին, թե օրինակ՝ որտե՞ղ են դրանք տեղակայված, ի՞նչ սպառազինություն ունեն, ի՞նչ քանակությամբ ռազմական տեխնիկա և այլն։
«Ֆորպոստ՝ մի շարք հարցերով…» վերնագրված հոդվածում ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը գնահատել է հայկական բանակի ռազմական ներուժը և հնարավոր դերը ռուս-թուրքական հնարավոր զինված առճակատման դեպքում։ «Ռուսաստանի և Թուրքիայի հակամարտության դեպքում Հայաստանը հայտնվում է առաջին գծում», – այսպես է փորձագետը սկսել իր հոդվածը։
Ռազմավարական դավաճանություն:
Կարելի է, իհարկե, համաձայնել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի հետ, որ հազիվ թե անկախ փորձագետը, որքան էլ նա մոտ լինի պետական մարմիններին, կարողանար այդպիսի ճշգրտությամբ տվյալներ հայթայթել հայկական բանակի մասին: Բայց նույնիսկ եթե այդ տեղեկության թեկուզ 1 տոկոսը համապատասխանում է իրականությանը, նման քայլը «ռազմավարական դաշնակից» կոչվող պետության կողմից չափազանց մտահոգիչ է Հայաստանի համար: Սա, փաստորեն, Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող սպառազինության ցանկի հրապարակման քաղաքականության շարունակությունն է:
Ռուսների այս նոր գործելաոճի վերջնական նպատակներն առայժմ դժվար է ամբողջությամբ բացահայտել, բայց կարելի է, իհարկե, տալ որոշ հստակ գնահատականներ: Ռուսաստանը խնդիրներ ունի Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում,- ադրբեջանցիները դժվարանում են վճարել ռուսներին ստացած զենքի համար,- և արդեն երկրորդ անգամ փորձում է Հայաստանի հաշվին շանտաժի ենթարկել ադրբեջանցիներին:
Միաժամանակ սա նաև ակնհայտ սադրանք է՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանային գոտում նոր ռազմական լարվածության հրահրմանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա իր ազդեցության շնորհիվ տարածաշրջանը կառավարող Ռուսաստանը, ըստ երևույթին, գոհ չէ վերջին մեկ-երկու ամիսներին շփման գծի հարաբերական խաղաղությամբ, և նա նմանատիպ քայլերով միանգամայն կարող է ավելացնել քաղաքական և հետևաբար՝ ռազմական լարվածությունը հայկական և ադրբեջանական կողմերի միջև: Բնականաբար, սա որևէ կերպ չի տեղավորվում Հայաստանի և Ռուսաստանի միջև պաշտոնապես հռչակված ռազմավարական դաշնակցության տրամաբանության մեջ և ոչ այլ ինչ է, եթե ոչ դավաճանական հարված թիկունքից:
Դաշնակից երկրի ռազմական տվյալների հրապարակումը և փաստացի տրամադրումը հակառակորդին (անկախ այն հանգամանքից՝ ճիշտ են այդ տվյալները, թե ոչ) իսկապես աննախադեպ քայլ է, որը մեր կարծիքով՝ ենթակա է քաղաքական լուրջ գնահատականի ամենաբարձր մակարդակով և դրանից բխող եզրակացությունների: Եվ անգամ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի վերջին զգուշավոր քննադատությունը Ռուսաստանի հասցեին՝ Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ, այսօր արդեն բավարար չէ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: