
Ըստ հաղորդման՝ Հարկային տեսչության ծառայողները պաշտոնեական կեղծիք են կատարել

Անհատ ձեռնարկատեր Արարատ Շ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարության Վանաձորի տարածքային հարկային տեսչության հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ Արարատ Շ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ֆինանսների նախարարության Վանաձորի տարածքային հարկային տեսչության աշխատակիցները ստուգում են կատարել իրեն պատկանող ձեռնարկությունում և կազմել են ստուգման ակտ, սակայն հետագայում պարզել է, որ հիշյալ ակտում իր անվան դիմաց դրված ստորագրությունը կեղծված է:
Անհատ ձեռնարկատեր Արարատ Շ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ֆինանսների նախարարության Վանաձորի տարածքային հարկային տեսչության հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: