Օտարերկրացի դիվանագետներն անսպասելիորեն բողոքել են ԱՄՆ-ին Թրամփից. Reuters
Մի շարք երկրների դիվանագետներ իրենց անհանգստությունն են հայտնել ԱՄն-ին Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած միլիարդատեր Դոնալդ Թրամփի հայտարարությունների առնչությամբ, գրում է Reuters-ը:
Գործակալության տվյալով՝ Եվրոպայի, Մերձավոր արևելքի, Լատինական Ամերիկայի ու Ասիայի մի շարք երկրների ներկայացուցիչներ բողոքել են Թրամփից իրենց ամերիկացի գործընկերների հետ անձնական զրույցներում: Այս մասին հայտնել է 3 ամերիկացի դիվանագետ, որոնք ցանկացել են անանուն մնալ: Բողոքների մեծ մասը կապված է ամերիկացի միլիարդատիրոջ քսենոֆոբիայի երանգ ունեցող որոշ արտահայտությունների հետ:
«Այն բանին զուգահեռ, թե ինչպես է Թրամփը շարունակում դիմել հռետորաբանությանը, որոշ դեպքերում՝ այն ուժեղացնել, որոշ համաշխարհային առաջնորդներ արտահայտում են իրենց անհանգստությունը»,- հայտարարել է նրանցից մեկը:
Ամերիկացի պաշտոնյաներն ուշադրություն են հրավիրել այլ երկրների դիվանագետների կողմից մի շատ անսովոր վարքագծի վրա՝ նրանք սովորաբար չեն բողոքում նախագահական թեկնածուներից նրանց նախընտրական արշավի ժամանակ, անգամ իրենց անձնական զրույցներում:
ԱՄՆ ներկայացուցիչները հրաժարվել են ներկայացնել այն երկրների ցանկը, որոնց դիվանագետները բողոքել են Թրամփից, սակայն նրանցից երկուսը հայտնել են, որ դիվանագետները եղել են Հարավային Կորեայից, Ճապոնիայից ու Մեքսիկայից: