«Հրազդանը թագավորություն չի, որ ցմահ մի մարդ կառավարի». Գագիկ Աթասյան

Ինչպես հայտնի է, ապրիլի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են սպասվում Հրազդան, Թալին, Դվին, Սպիտակ, Բյուրեղավան քաղաքներում և դրանց հարակից գյուղերում: Հրազդանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու ցանկություն են հայտնել Հրազդանի ՀՀԿ-ական ներկա քաղաքապետ, Հրազդանի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Արամ Դանիելյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանը: Արամ Դանիելյանի թեկնածությունը հաստատել է Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ): Հրազդանում առաջադրվելու ցանկություն է հայտնել նաև «Հայկական վերածնունդ» («Օրինաց Երկիր») կուսակցության անդամ Արթուր Միսակյանը: Օրերս հայտնի դարձավ, որ Հրազդան քաղաքի բնակիչ Գագիկ Աթասյանը նույնպես ցանկություն է հայտնել առաջադրելու իր թեկնածությունը:

Հիշեցնենք, որ Գագիկ Աթասյանը 2011 թվականից պայքարում է իր «խախտված» իրավունքը վերականգնելու համար: Նա 2.5 ամիս աշխատել է Հրազդանի «Սիրակ» ՍՊԸ հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավար և ծրագրերի բաժնի ղեկավար: Նա ասում էր, որ աշխատանքի դիմաց իրեն չեն վարձատրել, բացի այդ` իր հասցեին զրպարտանք ու վիրավորանք պարունակող հոդվածներ են հրապարակել: Իր «խախտված» իրավունքները վերականգնելու համար Գագիկ Աթասյանը դիմել էր դատարան, իսկ դատարանն էլ, նրա խոսքով, հեռուստաընկերության շահերն է սպասարկել:

168.am-ի հետ զրույցում Գ. Աթասյանը վստահություն հայտնեց, որ համաքաղաքացիներն իրենց վստահության ձայնն իրեն կտան: Նրա խոսքով՝ քաղաքում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք մինչև այսօր լուծված չեն:

– Ինչո՞վ եք հայտնի Հրազդանում, մի քանի տարի առաջ միջադեպ էր եղել, դատական գործեր էին հարուցվել, հացադուլ էիք անում…

– Իրավունքի հետ կապված, կաշառակեր դատավորների գործունեության դեմ ես միշտ եմ պայքարել, հարկայինի համար պայքար եմ ունեցել, բոլորի համար անընդունելի էր դա, ասում էին՝ պետության դեմ եմ դուրս եկել, բայց ես անկուսակցական, պետականամետ մարդ եմ, և ինձ համար առաջին հերթին՝ քաղաքացին է, և ոչ թե՝ ինչ-որ կուսակցական շահերը: Հրազդանը թագավորություն չի, որ ցմահ մի մարդ կառավարի: Յուրահատուկ հարգանք ունեմ Սասուն Միքայելյանի հանդեպ, քսան տարուց ավելի է, ճանաչում եմ Սասուն Միքայելյանին և գործող քաղաքապետ պարոն Դանիելյանին: Բայց կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ քաղաքը երիտասարդ մարդ ղեկավարի՝ նորանոր գաղափարներով, մտածելակերպով, մի քանի քայլ առաջ մտածելու ընդունակությամբ, որին մտահոգում են այսօրվա մեր խնդիրները:

– Նախորդ քաղաքապետերի բացթողումները որո՞նք են եղել, որ ընտրվելու դեպքում Դուք չեք անելու:

– Բացթողումների մասին ես չէի խոսի և ընդհանրապես անձնական թեմաներով, որովհետև հարգանքով եմ վերաբերվում նրանց: Շատ ուրախ եմ, որ այս անգամ արդեն կա այլընտրանք, միշտ հակամարտություն է եղել Սասուն Միքայելյանի և Արամ Դանիելյանի միջև, բայց հիմա նաև Արթուր Միսակյանն է՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությունից: Ստացվում է՝ միայն ես եմ անկուսակցական:

Այսինքն՝ Ձեր առավելությունը մյուս թեկնածուների նկատմամբ այն է, որ Դուք անկուսակցակա՞ն եք:

– Բացի դրանից, քաղաքացիները մանկուց ինձ լավ ճանաչում են, գիտեն, որ նպատակասլաց եմ, խնդրի լուծման համար պայքարում եմ ու արդյունքի եմ հասնում: Շատերը մտածում են, որ ինձ թույլ չեն տա աշխատեմ, բայց կհամոզենք և հնարավորությունները ցույց կտանք մեր քաղաքացիներին քարոզարշավի ժամանակ:

Ընդունված պրակտիկա կա, որ թեկնածուներին պետք է որոշակի քաղաքական ուժեր և հատկապես՝ ՀՀԿ-ն աջակցի, որպեսզի նրանք որոշակի հաջողություններ ունենան ընտրությունների ժամանակ, Դուք ունե՞ք նման աջակցություն, ու հաշվի առնելով այդ պրակտիկան՝ մտավախություն չունե՞ք, որ չեք ընտրվի:

– Հրազդանում նույնպես լուրեր են տարածվում, թե ես ՀՀ նախագահի «դաբրոն» ունեմ, գուցե այն պատճառով, որ ես նպատակասլաց եմ ու նաև ղարաբաղցի եմ, բայց, անկեղծ ասած, իմ աջակիցների մեջ կան և՛ հանրապետականներ, և՛ դաշնակցականներ, և՛ հենց նույն Սասուն Միքայելյանի, Արթուր Միսակյանի կուսակցություններից անդամներ, ՀԱԿ-ից անդամներ, այսինքն՝ իմ աջակցողները մեր հասարակություն է, ու ոչ թե՝ ինչ-որ կոնկրետ կուսակցություն: Իսկ եթե կլինեն որոշակի կուսակցություններ, քաղաքական գործիչներ, որ կաջակցեն ինձ, կարծում եմ՝ մոտակա ժամանակները կհայտարարեն այդ մասին:

Տեսանյութեր

Լրահոս