
Հարավային Կորեան ընդլայնել է Փխենյանի դեմ պատժամիջոցները

Հարավային Կորեան ընդլայնել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները: Նորացված ցուցակում ընդգրկվել է 38 պաշտոնյա և 30 կազմակերպություն, հայտնում է «Ռենհապ» գործակալությունը՝ հղում կատարելով երկրի վարչապետի գրասենյակին:
Սեուլը «սև ցուցակում» ներառել է կազմակերպությունների ու անձանց, որոնք, ըստ հարավկորեական կողմի, առնչություն ունեն զանգվածային ոչնչացման զենքի մշակումներին:
Հարավային Կորեան արգելք է սահմանում վերոնշյալ անձանց ու կազմակերպությունների հետ ֆինանսական օպերացիաների վրա ու սառեցնում է հարավկորեական բանկերում նրանց ակտիվները:
Ինչպես հայտնի է, մարտի 2-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո Փխենյանի նկատմամբ պատժամիջոցների ընդլայման մասին հայտարարեց ԱՄՆ-ը:
Մարտի 4-ին Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներն ընդլայնեց Եվրամիությունը: