33-ամյա տղամարդը կնոջն առաջարկել է խաթարված եղանակով սեռական հարաբերություն ունենալ, մերժում ստանալով՝ ծեծել է նրան
Կնոջը ծեծելու մեջ մեղադրվող 33-ամյա տղամարդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քրեական գործի վարույթը կարճվել է՝ տուժողի և ամբաստանյալի հաշտվելու հիմքով: 33-ամյա տղամարդը, ըստ դատական ակտի, ամուսնացած է, չի աշխատում, Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված է եղել 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Նախաքննության ընթացքում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով՝ այն բանի համար, որ երեկոյան ընկերոջ հետ գնացել է գործով տուժող կնոջը հյուրընկալվելու, ով այդ ժամանակ ծանոթների հետ իրականացրել է նշված առանձնատան ներքին հարդարման աշխատանքներ: Վերանորոգման աշխատանքներն ավարտելուց հետո կինը հյուրասիրելու նպատակով ընթրիք է պատրաստել, որի ժամանակ տղաներն օղի են օգտագործել:
Ըստ մեղադրանքի՝ հացկերույթի ընթացքում ընկերոջ հետ ժամանել է նաև տուժողի եղբայրը, ով տանը նկատելով հիշյալ անձանց և լավատեղյակ լինելով քրոջ վարքի մասին, շուրջ 10 րոպե ներկա գտնվելով հյուրասիրությանը, հյուրերին խնդրել է գնալ իրենց տները, որից հետո բոլորը, բացի տուժողից, դուրս են եկել: Արդեն հաջորդ օրն ընկերները կրկին հյուրընկալվել են տուժողին, իսկ ամբաստանյալի ընկերը նրանց թողնելով միայնակ՝ հեռացել է: Ըստ մեղադրանքի՝ մնալով երկուսով՝ տղամարդը տուժողին առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, սակայն վերջինիս կողմից խնդիրներ ունենալու պատճառով, ստանալով մերժում, առաջարկել է խաթարված եղանակով սեռական հարաբերություն ունենալ, իսկ տուժողն այդ առաջարկից վրդովվելով՝ պատասխանել է հայհոյանքով, որից ամբաստանյալը զայրացել է և ֆիզիկական ցավ պատճառելով՝ բռունցքով 3-4 անգամ հարվածել է տուժողի գլխին, ապա մազերից բռնելով՝ բերանքսիվայր գցել է գետնին և մեկ անգամ հարվածել մեջքին՝ ենթարկել ծեծի:
Ըստ դատական ակտի՝ մինչ գործի դատաքննությունը սկսելը տուժողը դատարանի գրասենյակ գրավոր դիմում է ներկայացրել այն մասին, որ ամբաստանյալին ներել է, հաշտվել է նրա հետ, նրա նկատմամբ բողոք-պահանջ չունի: Խնդրում է գործի վարույթը կարճել: Դատական նիստում տուժողը պնդել է դիմումը: Ամբաստանյալը նույնպես գրավոր դիմում է ներկայացրել դատարանի գրասենյակ այն մասին, որ տուժողի հետ հաշտվել է և խնդրում է քրեական գործի վարույթը կարճել իր և տուժողի հաշտվելու հիմքով: Դատական նիստում նա հայտնել է, որ չի առարկում տուժողի հետ հաշտվելու հիմքով քրեական գործի վարույթը կարճելու դեմ, հայտարարելով, որ իրեն մեղավոր է ճանաչում առաջադրված մեղադրանքում: