Բաժիններ՝

«Տղամարդիկ ուզեն թե չուզեն՝ կանայք արդեն հասատատել են իրենց լուրջ և անփոխարինելի դերն ընտանիքում, հասարակությունում». Լուիզա Ղամբարյան

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Լուիզա Ղամբարյանը խոստովանում է` ինչպես յուրաքանչյուր կին, այնպես էլ ինքը սիրում է ուշադրությամբ շրջապատված լինել:

«Բնականաբար այս տոնը մեծ հնարավորություն է տալիս ինչպես ինձ, այնպես էլ աշխարհի բոլոր կանանց լինել ուշադրության կենտրոնում: Ինձ համար Մարտի 8-ը շատ հոգեհարազատ է, որովհետև մանկությանս հետ է զուգորդվում` մայրիկին, ուսուցիչներին բացիկներ էի պատրաստում, մասնակցում ցերեկույթների: Նախատոնական և տոնական օրերին քաղաքը «կանացի» է դառնում և ավելի գեղեցկանում է»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է դերասանուհին:

Լուիզա Ղամբարյանը փաստում է` մեր հասարակությունում կանայք շատ կայացած են: «Տղամարդիկ ուզեն թե չուզեն՝ կանայք արդեն հասատատել են իրենց լուրջ և անփոխարինելի դերն ընտանիքում, հասարակությունում: Եվ դա շատ արագ է տեղի ունենում: Կանայք այսօր մշակույթ են ստեղծում: Քիչ են մնացել այն տղամարդիկ, ովքեր մտածում են,որ կինը միայն ու միայն երեխա ունենալու համար է»,-շեշտում է նա:

Դերասանուհու խոսքով` աշխարհում և Հայաստանում կանայք այսօր շարժիչ ուժ են:

«Հայ կանանց մաղթում եմ, որ միշտ մնան այսքան ուժեղ և թույլ: Կինն իր թուլությամբ է գեղեցիկ, և պետք չէ, որ նա փոխարինի տղամարդուն: Կինը պետք է կին լինի: Եվ դա է առողջ երկրի բանաձևը, ապագան»,- հավելեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս