
ԱՄՆ Պետդեպը Թուրքիային քննադատել է ժողովրդավարության բացակայության համար

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան որոշումներ է կայացնում, որոնք հակասում են ժողովրդավարության սկզբունքներին:
Քիրբին ընդգծել է, որ խոսքի ազատությունը ժողովրդավարական հասարակության նշաններից է: ԱՄՆ Պետդեպի ներկայացուցչի խոսքով՝ Անկարան չի արձագանքում «ողջ համաշխարհային հանրության հորդորներին»:
«Ակնհայտ է, որ նրանք շարունակում են որոշումներ կայացնել, անտեսելով մեր ու ողջ համաշխարհային հանրության հորդորները: Նրանք շարունակում են որոշումներ կայացնել, որոնք ուղիղ հակասում են ժողովրդավարական սկզբունքներին, ամրագրված են նրանց սեփական Սահմանադրությամբ: Մամուլի ազատությունը դրանցից մեկն է»,- հայտարարել է Քիրբին:
Հիշեցնենք, որ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ թուրք լրագրողներին արգելվում է երկրի ղեկավարության համար բարձրացնել անհարմար հարցեր: