
«Նոր սերնդի մեջ ավելի ակտիվ, բանիմաց կանայք են լինելու». Լևոն Մարտիրոսյան

Մարտի 8-ի տոնի խորհրդի, կնոջ դերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի հետ
– Սրտանց շնորհավորում եմ հայ աղջիկներին, կանանց, մայերին, տատիկներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ նրանք միշտ լինեն գեղեցիկ, առողջ ու երջանիկ: Կնոջ դերը մեծ նշանակություն ունի մեր կյանքում: Ավելին՝ մեր կյանքն առանց կնոջ դժվար է պատկերացնել: Կինը ընտանիքի հենասյունն է, հիմքը, մեկ խոսքով՝ ամենաանհրաժեշտ օղակը: Վերջին տարիներին նկատվում է, որ տարբեր ոլորտներում, հատկապես քաղաքականության մեջ կանայք ակտիվ են դառնում: Ցանկանում եմ, որ մնացած բոլոր ոլորտներում նույնպես մեծ թվով կանանց մասնակցություն ապահովվի, բայց դա չխանգարի ընտանիքին: Սա դրական է, և կարող եմ ասել, որ մենք այդ առումով որևէ բանով չենք զիջում եվրոպական երկրներին: Վստահաբար կարելի է ասել, որ նոր սերնդի մեջ ավելի ակտիվ, բանիմաց կանայք են լինելու: