Բաժիններ՝

Միլիարդատեր Մայքլ Բլումբերգը չի առաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում

Միլիարդատեր, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հրաժարվել է մասնակցել 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին: Իր որոշման մասին Բլումբերգը գրել է Bloomberg View կայքի հեղինակային սյունակում, հայտնում է BBC-ն:

Ինչպես գրում է միլիարդատերը, իր ներկայությունը նախընտրական ցուցակում՝ որպես անկախ թեկնածու, կարող է ձեռնտու լինել հանրապետականներին ու հանգեցնել Դոնալդ Թրամփի կամ Թեդ Կրուսի հաղթանակին:

Բլումբերգը կարծում է, որ եթե իրեն հաջողվեր արժանապատիվ տեղ զբաղեցնել նախընտրական արշավին, ապա դա կհանգեցներ երեք թեկնածուների ձայների բաշխմանը: Նման իրավիճակում նախագահ ընտրելու իրավունքը կպատկանի Կոնգրեսին:

Նման կերպ, գրում է Բլումբերգը, որոշումն այն մասին, թե ով կզբաղեցնի նախագահի պաշտոնը, կկայացնի ոչ թե ընտրողը, այլ խորհրդարանը:

«Այսօր, երբ հանրապետականները մեծամասնություն են կազմում խորհրդարանի երկու պալատներում, իմ մասնակցությունը ընտրություններին կարող է հանգեցնել Դոնալդ Թրամփի կամ սենատոր Թեդ Կրուսի հաղթանակին: Դա ռիսկ է, որին ես չեմ կարող դիմել հանգիստ խղճով»,- եզրակացրել է Բլումբերգը:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ նա, քննադատելով ԱՄՆ-ում ընթացող նախագահական ընտրարշավը, հաստատել էր, որ մտածում է իր թեկնածությունն առաջադրելու մասին:

Financial Times-ին տված հարցազրույցում Bloomberg գործակալության հիմնադիրը հարցին, թե արդյոք մտադիր է մասնակցել նախագահական ընտրություններին, պատասխանել էր, որ «դիտարկում է բոլոր տարբերակները»:

«Ես լսում եմ, թե ինչ են խոսում թեկնածուները, նայում եմ, թե հետո ինչպես են քվեարկում ընտրողները փրայմերիզին: Կարծում եմ՝ քննարկումների ու դատողությունների մակարդակը մտահոգիչ կերպով անհետաքրքիր է, վրդովվեցուցիչ ու վիրավորական ընտրողների համար»,- կարծում է Բլումբերգը:
Forbes ամսագիրը նրա կարողությունը գնահատում է 36,4 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս