
«Դեռ ժամանակ ունենք, կքննարկենք՝ կներկայացնենք». ԲՀԿ խոսնակը՝ ՏԻՄ ընտրություններին իրենց մասնակցության մասին

Ապրիլի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են սպասվում Հրազդան, Թալին, Դվին, Սպիտակ, Բյուրեղավան քաղաքներում և դրանց հարակից գյուղերում:
Հրազդանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու ցանկություն են հայտնել Հրազդանի ՀՀԿ-ական ներկա քաղաքապետ, Հրազդանի ՀՀԿ տարածային կառույցի ղեկավար Արամ Դանիելյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանը: Արամ Դանիելյանի թեկնածությունը հաստատել է Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ): Հրազդանում առաջադրվելու ցանկություն է հայտնել նաև «Հայկական վերածնունդ» («Օրինաց Երկիր») կուսակցության անդամ Արթուր Միսակյանը:
ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանից փորձեցինք պարզել, թե իրենց կուսակցությունն ի՞նչ ձևաչափով է մասնակցելու ՏԻՄ ընտրություններին: 168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ դեռ ժամանակ ունեն ու մինչև մարտի 13-ը կուսակցության որոշումը կհրապարակեն. «Այս պահին կուսակցություն վերջնական որոշում չկա՝ որ համայնքում՝ ինչ ձևաչափով մասնակցություն կունենանք, քանի որ առաջադրման ժամկետը մարտի 13-ից 17-ն է: Դեռ ժամանակ ունենք, կքննարկենք, կներկայացնենք»:
Նշենք, որ «Ժառանգությունն» ու «Հիմնադիր խորհրդարանը» չեն մասնակցելու առաջիկա ՏԻՄ ընտրություններին: