
Վրաստանում քաղաքացիներ են ազատազրկվել ԴԱԻՇ-ի հետ առնչություն ունենալու համար

Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր 14 տարվա ազատազրկման է դատապարտել Պանկիսի կիրճի բնակիչ Այուֆ Բորչաշվիլիին, ում ձերբակալել էին ԴԱԻՇ-ի անդամ լինելու և հավաքագրմամբ զբաղվելու համար, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Բորչաշվիլիին դատարանը մեղավոր է ճանաչել Վրաստանի ՔՕ 3271 (ահաբեկչական կազմակերպության անդամների հավաքագրում) և ՔՕ 328 հոդվածի (ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու կամ ահաբեկչական գործունեությանն օժանդակություն) հատկանիշներով:
Ինչ վերաբերում է մյուս մեղադրյալներին, ապա օտար ահաբեկչական կազմակերպությանը միանալու համար Գեորգի Խուտունաշվիլին դատապարտվել է 11, Դավիթ Պիրիսեբիան՝ 10 տարվա ազատազրկման:
Գեորգի Կուպրավան ընդունել է իր մեղքը, ինչից հետո նրա հետ գործարք է կնքվել: Նա կազատազրկվի 1 տարով՝ դարձյալ օտար ահաբեկչական կազմակերպությանը միանալու մեղադրանքով:
Վերջիններս ձերբակալվել էին 2015թ. հունիսին: Այդ ժամանակ Վրաստանի ՆԳՆ-ն տեղեկացրել էր, որ Բորչաշվիլին համախոհների օգնությամբ, օգտագործելով կրոնական գրականություն, կայքեր ու սոցցանցեր, ԴԱԻՇ-ի շարքեր է հավաքագրել Պանկիսի կիրճի 2 բնակչի: