
Օռլովի մարզում հուղարկավորել են դայակի կողմից սպանված աղջկան

Օռլովի մարզում մարտի 6-ին հուղարկավորել են Մոսկվայում ուզբեկ դայակի կողմից սպանված ռուս աղջկան: Այս մասին «Նորությունների ռուսական ծառայությանը» հայտնել է ընտանիքի ընկերը՝ Անդրեյ Միշչենկովը:
Նրա խոսքով՝ այդ մարզը աղջկա հոր համար հարազատ վայր է: Թաղմանը ներկա են եղել միայն ընտանիքի հարազատներն ու մտերիմները:
Ավելի վաղ ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտարարել էր, որ քննիչները մեղադրանք են առաջադրել Ուզբեկստանի քաղաքացի Գյուլչեխրա Բոբոկուլովային, ով կասկածվում է 4-ամյա աղջկան՝ Նաստյա Մ-ին գլխատելու մեջ:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի, 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ «Մանկահասակ երեխայի սպանություն», որը նախատեսում է մինչև 25 տարվա ազատազրկում, եթե ապացուցվի դայակի մեղսունակությունը: