Սամվել Ֆարմանյանը կոչ է արել խորհրդարանական վեհաժողովներում սառեցնել հեռացող պատգամավորների իրավունքները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանն առաջարկել է խորհրդարանական վեհաժողովների հեռացող անդամների գործունեության սառեցման ժամանակահատված սահմանել` շահերի բախումներից խուսափելու համար: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Փարիզում տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովը հավանություն է տվել եվրոպական կառույցների աշխատանքի թափանցիկության և հրապարակայնության վերաբերյալ զեկույցին: Ես առաջարկել եմ կոչ անել եվրոպական խորհրդարանական վեհաժողովներին, այդ թվում նաև ԵԽԽՎ-ին, ուղղում մտցնել վեհաժողովների հեռացող անդամների իրավունքներում և սառեցնել նրանց լիազորությունները, որպեսզի հնարավոր լինի խուսափել վեհաժողովի մյուս անդամների շահերի բախումներ ից, ինչը մենք ունեցանք Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռոբերտ Ուոլթերի սկանդալային զեկույցի դեպքում»,- գրել է Ֆարմանյանը:

ԵԽԽՎ-ն հունվարի 26-ին մերժել է բրիտանացի խորհրդարանական Ռոբերթ Ուոլթերի` «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» խորագրով հակահայկական զեկույցը: Վեհաժողովի լիագումար նիստում զեկույցի քննարկման պահին Ուոլթերի լիազորությունները` որպես ԵԽԽՎ անդամ, դադարեցվել էին: Զեկույցին կողմ է քվեարկել 66, դեմ` 70 պատգամավոր:

Տեսանյութեր

Լրահոս