Բաժիններ՝

Վրաստանն ավելին է, քան ռազմավարական գործընկերը. Էլմար Մամեդյարով

Ադրբեջանի ու Վրաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովն ու Միխայիլ Ջանելիձեն այսօր հանդիպել են Բաքվում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցեր: Ինչպես հաղորդում է Report-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը Վրաստանի արտգործնախարարի հետ կայացած հանդիպումից հետո՝ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մեր միջև գոյություն ունի փոխադարձ հանդիպումների անցկացման լավ ավանդույթ: Մեր հարաբերությունները Վրաստանի հետ, ավելին են, քան ռազմավարական համագործակցությունը»,- հայտարարել է Մամեդյարովը :

Նա հիշեցրել է, որ անցած ամիս Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի արտգործնախարարները բանակցություններ են անցկացրել ու տվյալ հանդիպումը դրանց տրամաբանական շարունակությունն է:

«Մենք քննարկել ենք երկկողմ հարցեր, այդ թվում՝ «Հարավային Կովկաս» գազային նախագիծը, էներգանախագծեր: Մեր երկրների համագործակցությունը էներգետիկ ոլորտում բավական խորն է»,- ասել է Մամեդյարովը:

Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են նաև տրանսպորտային հարցեր: «Բաքու-Թբիլիսի-Կարս տրանսպորտային նախագիծը համապատասխանում է Ադրբեջանի ու Վրաստանի ազգային հետաքրքրություններին»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:

Ադրբեջանցի նախարարը հայտնել է, որ հանդիպմանը քննարկվել են նաև ադրբեջանա-վրացական պետական սահմանների սահմանագծման հարցեր: «Ադրբեջանի ու Վրաստանի միջև սահմանի երկարությունը կազմում է 480 կմ, որից 314 կմ-ն արդեն համաձայնեցվել է: Հարկավոր է առաջ մղել այդ հարցը»,- հայտարարել է Մամեդյարովը:

Հանդիպմանը քննարկվել են նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր: Մամեդյարովի խոսքով՝ մոտ ժամանակներս պետք է կայանա Ադրբեջան-Վրաստան միջկառավարական հանձնաժողովի նիստը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս