Ադրբեջանը պատրաստ է սառեցնել նավթարդյունահանման ծավալները
Ադրբեջանն աջակցել է ՕՊԵԿ-ի անդամ երկրների որոշմանը՝ սառեցնել նավթարդյունահանումը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլլաևը:
«Ուղիղ կասեմ՝ մենք միանում ենք այդ դիրքորոշմանը: Մենք մտածում ենք սառեցնել նավթի արդյունահանումը 2016թ. ու այն թողնել նույն մակարդակին: Մենք արդեն կասեցրել ենք նավթարդյունահանման ավելացման նախագծերը: Ադրբեջանում նավթի արդյունահանումն ավելի բարձր չի լինի, քան անցած տարի»,- հայտարարել է Աբդուլլաևը ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Քաթարն ու Վենեսուելան Դոհայում փետրվարի 16-ին կայացած հանդիպմանը, որոշելով պահպանել նավթի ներկայիս գները, վճռել էին նավթարդյունահանման ծավալը պահպանել 2016թ. հունվարի մակարդակին, եթե մյուս երկրները միանան նախաձեռնությանը: