
Հայկական կողմը հերքում է զոհերի և վիրավորների մասին ադրբեջանական ապատեղեկտվությունը

Հայկական կողմը վերջին օրերին զոհեր և վիրավորներ չունի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` հերքելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը` կապված հայկական զինուժի զոհերի հետ:
«Հայկական զինուժի զոհերի մասին լուրերն ապատեղեկատվություն են, նման բան չկա: Այո, ադրբեջանական կողմը շարունակում է կրակել` խախտելով հրադադարի ռեժիմը, սակայն վերջին օրերին հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի: Հայկական զինուժն ամբողջությամբ սահմանին վերահսկում է իրավիճակը»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական մամուլը ապատեղեկատվություն էր տարածել այն մասին, թե հայկական կողմն իբր փորձել է դիվերսիա իրականացնել, իսկ Ադրբեջանի զինուժը հակահարված է հասցրել, վնասազերծել է հայկական տեխնիկան, իսկ հայկական զինվորների շրջանում էլ կան տասնյակ զոհեր: Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ Ադրբեջանին ամենուր հայկական դիվերսիաներ են երևում, դիվերսիավախ է նկատվում: Ըստ նրա` այս ապատեղեկատվությունը իրականում իրավիճակի լարմանն է միտված: Հայկական կողմը խստագույնս կարձագանքի ցանկացած սադրանքի և ոչ մի ոտնձգություն անարձագանք չի մնա: