«Սոցապգործակալությունները միլիոնավոր դրամների խախտումներ են կատարել». ՎՊ

ՀՀ Վերահսկիչ պալատն անցած տարի ստուգումներ է իրականացրել Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային գործակալություններում՝ ՀՀ պետական բյուջեով նախատեսված ընտանեկան և սոցիալական նպաստների, հրատապ դրամական օգնության և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման գործընթացների հետ կապված: Ընտրանքային կարգով ուսումնասիրվել են «Նպաստ» տեղեկատվական համակարգը վարող թվով 38 տարածքային գործակալություններից 8-ի` Կոտայքի մարզի Հրազդանի, Աբովյանի, Եղվարդի և Չարենցավանի, Արագածոտնի մարզի Աշտարակի, Ապարանի, Թալինի, Ծաղկահովիտի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների կողմից նպաստների նշանակման գործընթացները:

ՎՊ-ն հայտնաբերել է տարբեր բնույթի մի շարք խախտումներ, ընդհանուր առմամբ՝ Կոտայքի և Արագածոտնի մարզպետարանների ենթակայության 8 գործակալություններում արձանագրվել է 571 դեպք՝ 105 մլն 599.5 հազար դրամ գումարի չափով: ՎՊ հաշվետվությունում նշվում է, որ շատ դեպքերում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի կողմից հարակից բազաներով գործակալություններին տրամադրված տեղեկատվությունը ժամանակին և ամբողջությամբ համակարգ չի մուտքագրվել և սահմանված կարգով նպաստի վճարումը չի դադարեցվել, տրամադրված տեղեկատվությունը որոշ դեպքերում կրկնվել է 2-3 անգամ, սակայն այն գործակալությունների կողմից համակարգ չի մուտքագրվել կամ չի իրացվել: Նպաստառու ընտանիքները հաճախ սահմանված չափաքանակից ավելի էլեկտրաէներգիա են սպառել, սակայն 740 դեպքերում բացակայում են սոցիալական աջակցության խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունները, չկան հիմնավորումներ:

Նպաստառու ընտանիքների կազմի, բնակարանային պայմանների, բնակության վայրի ճշտության ստուգման արդյունքում հայտնաբերվել է 98 խախտում՝ ընդհանուր 20 մլն 214 հազար դրամի: Միայնակ չաշխատող կենսաթոշակառուների նպաստի գործերի ստուգման արդյունքում հայտնաբերվել է 15 խախտում՝ ընդհանուր 1 մլն 890 հազար դրամի: Նպաստառու ընտանիքների տնօրինած անասնատեսակի և դրանց քանակի վերաբերյալ տվյալների ճշտության և դրանց համակարգ մուտքագրման ստուգման արդյունքում հայտնաբերվել է 46 խախտում՝ ընդհանուր 6.1 մլն դրամի:

Խախտումներ են եղել անգամ նպաստառու ընտանիքների անդամների` ըստ բնակության վայրի հաշվառման և այդ տվյալների համակարգ մուտքագրման մեջ՝ ընդհանուր 2 մլն 797 հազար դրամի: Նպաստառու ընտանիքներին, ինչպես նաև «Ընտանեկան նպաստ» համակարգում հաշվառված անձանց միանվագ և եռամսյակային հրատապ օգնության տրամադրման գործերի ստուգման արդյունքում հայտնաբերվել է 56 խախտում՝ ընդհանուր 6.7 մլն դրամի:

ՎՊ-ն խախտումներ է արձանագրել նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի գործերի, դրանցում առկա տեղեկանքների իսկությունն ու հավաստիությունը ստուգելու արդյունքում՝ 9 խախտում՝ ընդհանուր 486 հազար դրամի:

Պարզվել է նաև, որ նպաստառու ընտանիքների մահացած անդամների վերաբերյալ մի շարք դեպքերում տեղեկատվությունը մուտքագրվել է ուշացումով, և անհատական գնահատման համակարգից անձը հանվել է մահից 3-5 ամիս անց: Նպաստից չզրկվելու համար հաճախ նպաստառու ընտանիքներում ամուսինները չեն օրինականացնում իրենց ամուսնությունը, կամ բաժանվում են` ձևական, նախապես պայմանավորվելով, հետագայում շարունակելով միասին ապրել, կամ չեն բաժանվում` ուղղակի ամուսինը նպաստառու ընտանիքի փաստացի բնակության վայրում չի հաշվառվում: Այսինքն՝ ոչ նրա աշխատանքի, ոչ ավտոմեքենայի և գույքի ձեռքբերման փաստերը չեն կարող ազդել ընտանիքի անապահովության միավորի վրա:

Դատելով հաշվետվությունից, գործակալություններն ընդհանրապես շատ փնթի աշխատանք են տանում, սոցիալական գործերի մեծ մասը կազմված են թերություններով, պաշտպանված չէ դիմում-հայտարարագրերի լրացման կարգը, կամ դրանք ընդհանրապես չկան, ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն և սխալ են լրացված, և այլն: ՎՊ-ն հանգել է այն եզրակացության, որ սոցիալական աջակցության խորհուրդների գործունեությունը կրում է ձևական բնույթ:

ՎՊ ստուգումների արդյունքում Կոտայքում համապատասխան ընտանիքների նպաստի վճարումները դադարեցվել են, արձանագրված խախտումներից 3 մլն 150 հազար դրամը հետ է գանձվել ՀՀ պետբյուջե, 9.5 մլն դրամն աջակցության խորհուրդների կողմից մարվել է, իսկ մնացած մասով կազմվել է ժամանակացույց ու սահմանված կարգով կկատարվի հետգանձում և արդյունքների մասին պարբերաբար կտեղեկացվի: Արագածոտնում նույնպես դադարեցրել են նպաստառու այն ընտանիքների վճարումները, որոնց գործերում առկա են ակնհայտ խախտումներ, պետբյուջե է վերականգնվել շուրջ 4 մլն դրամ, գործակալությունների որոշ աշխատակիցներ ենթարկվել են կարգապահական տույժերի:

Տեսանյութեր

Լրահոս