Մոգերինիի այցի կարևոր ուղերձները

«Մոգերինիի այցը Երևան, ընդհանուր առմամբ, դրական ուղերձներով ուղեկցվեց»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ԵՄ բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական այցին Երևան ու Հայաստան-ԵՄ բանակցություններին։ Կոնրադ Զաշտովտի գնահատմամբ, եղան բավականին լավատեսական արտահայտություններ Մոգերինիի կողմից ՀՀ-ԵՄ հարաբերությունների և վերսկսված բանակցությունների վերաբերյալ։

«Մոգերինին նույնիսկ նշեց, որ շատ հարմար պահ է հարաբերությունները զարգացնելու համար, և պետք է օգտագործել այն։ Բայց մենք գիտենք, որ իրավիճակը ներկայումս բավականին բարդ է ոչ միայն՝ Կովկասյան տարածաշրջանում, այլև ԵՄ-ում փախստականների ճգնաժամի, ԵՄ ներքին խնդիրների պատճառով, այնպես որ, սա անդրադառնում է Հայաստանի և «Արևելյան գործընկերության» ուղղությամբ ԵՄ քաղաքականության վրա»,- նման տեսակետ հայտնեց Զաշտովտը։ Սակայն վերջինս, այնուամենայնիվ, լիահույս է, որ ՀՀ-ԵՄ բանակցությունների նոր շրջափուլը կհասնի իր նպատակին։

Նա նաև կարևորեց Մոգերինիի դիտարկումները ՀՀ-ԵՄ բանակցություններին հասարակության մասնակցության մասին։ Ըստ նրա՝ սա ամենակարևոր բաղադրիչներից մեկն է։ «Որքան հասարակությունն ավելի շատ ներգրավված լինի, այնքան լավ արդյունքներ կունենան բանակցությունները։ Գործընթացին պետք է ակտիվ մասնակցություն ունենա քաղաքացիական հասարակությունը ևս։ Գոյություն ունի ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորում, և պետք է օգտագործել այս հարթակը։

Բայց այս ամենի հետ մեկտեղ՝ պետք է հասկանալ նաև այն, որ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ներկայումս ծավալվող նախնական բանակցությունները չեն կարող ամբողջությամբ հասանելի լինել հասարակության համար։ Սա քաղաքական հարց է, ու կարծում եմ՝ անհրաժեշտ է դիտարկել, թե որքանով է հարմար ամբողջությամբ բացահայտել կողմերի ծրագրերը։ Թափանցիկությունն անհրաժեշտություն է, բայց շատ հարցեր դեռ համաձայնեցված չեն և անորոշ, ուստի հարմար չէ ամբողջությամբ բացահայտել բոլոր ծրագրերը»,- ասաց Զաշտովտը։

Հիշեցնենք, որ ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին իր երևանյան ասուլիսի ընթացքում նշել էր, որ այս անգամ հասարակությունը պետք է մասնակից լինի ՀՀ-ԵՄ բանակցություններին և կիսի կողմերի ձեռքբերումներն ու ոգևորությունը բանակցային այս կամ այն փուլը հաղթահարելուց հետո։

Տեսանյութեր

Լրահոս