
Դմիտրի Ռոգոզինը Ադրբեջանին հուսալի գործընկեր է համարել ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում

Ռուսաստանն ու Ադրբեջանը պատասխանատու և հուսալի գործընկերներ են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ, Ռուսաստան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Ռոգոզինը, ով նախօրեին այցելել էր Ադրբեջան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Դմիտրի Ռոգոզինը քննարկել են երկու երկրների համագործակցության հարցերը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում:
Ավելի վաղ Դմիտրի Ռոգոզինը լուսանկար էր հրապարակել Ադրբեջանի նախագահի հետ ու կատարել հետևայալ գրառումը. «Բարեկամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ արդյունավետ բանակցություններից հետո»:
«Բաքու կատարած այցի գլխավոր արդյունքը. կողմերը հաստատել են, որ պատասխանատու ու հուսալի գործընկեր են այնպիսի զգայուն ոլորտում, ինչպիսին ռազմատեխնիկական համագործակցության ոլորտն է»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ռոգոզինը:
Ալիևը հանդիպման ժամանակ արձանագրել է երկու երկրների հաջող համագործակցության փաստը բազմաթիվ ոլորտներում: Ռոգոզինն ընդգծել էր, որ երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը հաջողությամբ է ընթանում:
Ավելի վաղ «Կոմերսանտը» ծավալուն հոդված էր հրապարակել Ռոգոզինի՝ Բաքու կատարած այցի վերաբերյալ՝ ընդգծելով, որ էներգառեսուրսների գնանկման հետևանքով Բաքուն ի վիճակի չէ վճարել ավելի վաղ կնքված զենքի վերաբերյալ պայմանագրերի դիմաց: