
Էրդողանն առաջարկել է Սիրիայի հյուսիսում փախստականների համար քաղաք կառուցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է Սիրիայի հյուսիսում փախստականների համար նոր քաղաք կառուցել:
«Նոր քաղաքի ենթակառուցվածքները կստեղծի Թուրքիան, իսկ շինարարական աշխատանքները կիրականացվեն միջազգային հանրության աջակցությամբ:
Մենք կարող ենք այդտեղ բնակեցնել նրանց, ովքեր ստիպված են լքել Սիրիան, ներառյալ նրանց, ովքեր ապաստան են գտել Թուրքիայի տարածքում: Մենք քննարկել ենք այդ գաղափարը պարոն Օբամայի հետ, անգամ որոշել ենք քաղաքի տեղադրության վայրը:
Սակայն կոնկրետ իրականացման մասին խոսք դեռ չկա: Հարկավոր է ցուցաբերել վճռականություն ու կամք»,- հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով «Կանաչ կիսալուսին» ոչ կառավարական կազմակերպության մրցանակի հանձնման արարողության ժամանակ: Նրա խոսքերը մեջբերում է Anadolu գործակալությունը:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի անմիջական հարևանությամբ կառուցվելիք 4,5 հազար քմ մակերեսով նոր քաղաքի ճարտարապետությունը կարող է համապատասխանել տեղի ավանդույթներին:
«Ի տարբերություն արևմտյան երկրների՝ Թուրքիայի դռները նախկինի պես բաց կմնան փախստականների առաջ, սակայն հարկավոր է ավելի գիտակից լինել: Հարկավոր է այդ խնդիրը լուծել համատեղ ուժերով»,- հավելել է Էրդողանը: