Բաժիններ՝

«Եվրատեսիլ»-ում Ավստրալիան կներկայացնի ծագումով կորեացի երգչուհի Դամի Իմը

Ավստրալացի երգչուհի Դամի Իմն առաջիկա մայիսին Ստոկհոլմում իր երկիրը կներկայացնի «Եվրատեսիլ» Էստրադային երգի միջազգային մրցույթում: Այս որոշումն ընդունել է տեղի SBS հեռուստաընկերությունը, որն արդեն 30 տարի հեռարձակում է ժողովրդականություն վայելող երաժշտակա ն մրցույթը:

27-ամյա երգչուհի Դամի Իմը ծնվել է Հարավային Կորեայում եւ ընտանիքի հետ միասին Կանաչ մայրցամաք է տեղափոխվել, երբ ինը տարեկան էր: Ավստրալիայում նրան ճանաչում է բերել երեք տարի առաջ X-Factor ազգային մրցույթում տարած հաղթանակը, որը նրան թույլ տվեց պարտավորագիր կնքել Sony Music Australia-ի հետ:

Նա արդեն թողարկել է երեք ալբոմ, որոնցից մեկը Ձայնագրման ստուդիաների ազգային ասոցիացիայի պարգեւին է արժանացել 2014 թվականի «Լավագույն սկավառակ» անվանակարգում: Դամի Իմն ժողովրդականություն է վայելում ամենից առաջ երիտասարդ ավստրալացիների շրջանում. նրա տաղանդի գլխավոր երկրպագուները դեռահասներն են, որոնք իրենց անվանում են «Դամիի բանակ»: Ավստրալիայի սահմաններից դուրս երգչուհին դեռ այնքան էլ հայտնի չէ. միակ բացառությունը Չինաստանի փոփ-երաժշտության սիրահարներն են, որոնց լավ հայտնի է նրա «Տնից 365 մղոն հեռու» հիթը:

Զրուցելով լրագրողների հետ՝ Դամի Իմը խոստովանել է, որ SBS հեռուստաընկերության որոշումն իր համար անակնկալ Է դարձել: «Եվրատեսիլ»-ում միշտ էլ շատ անակնկալներ են լինում, եւ ես երջանիկ եմ դառնալու դրանցից մեկը»,- ասել է երգչուհին:

Դամի Իմն առայժմ չի հայտնում, թե ինչ երգով է մտադիր ուղեւորվել Շվեդիա: Նա խոստանում է դա անել այս ամսին ավելի ուշ: Այնուամենայնիվ, երգչուհին խոստովանել է, որ երգն արդեն ձայնագրել է, եւ որ այն իր ձայնագրած բոլոր երգերից լավագույնն է համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս