ՔԿՀ վարչակազմի գործողությունները ամբողջությամբ բխում են օրենսդրության պահանջներից
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի` զանգվածային լրատվության միջոցներում տարածած «Երևան ՔԿՀ-ում խոչընդոտել են դիտորդական խմբի աշխատանքներին» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում պարզաբանել, որ ՀՀ ԱՆ «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից խմբի անդամներին արգելվել է տեսակցել վերոբերյալ ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձին՝ վարույթն իրականացնող մարմնի` տեսակցությունները արգելելու մասին որոշման հիմքով:
ՔԿՀ-ի վարչակազմի գործողությունները ամբողջությամբ բխում են քրեական դատավարության և քրեակատարողական օրենսդրության պահանջներից:
Մասնավորապես, ըստ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի` քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:
Հարկ է նշել նաև, որ քրեակատարողական օրենսդրությամբ սահմանված իրավանորմների տարընկալման դեպքերը բացառելու նպատակով արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, առաջիկայում կկազմակերպվի հանդիպում դիտորդական խմբի անդամների և քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների միջև, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն նաև հիշյալ օրենսդրական հիմնախնդիրները:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին