
Կոնգրեսի ներկայացուցիչները միջազգային հանրությանը կոչ են արել ճանաչել ԼՂՀ ինքնորոշման իրավունքը

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամներ՝ Հետախուզության կոմիտեի նախագահ Դևին Նունեսը և Հատկացումների հանձնախողովի անդամ Դևիդ Վալադաոն միջազգային հանրությանը կոչ են արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:
«Անցյալ դարի ընթացքում հայ ժողովուրդը շատ ծանր ժամանակներ է վերապրել՝ Հայոց ցեղասպանությունից ու խորհրդային ժամանակաշրջանի բռնաճնշումներից մինչև Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում հայերի դեմ գործված ջարդերը: Ազատատենչ հայ ժողովրդի ողբերգական վիճակը դժվար է գերագնահատել»,- ասված է մարտի 2-ին տարածված նրանց հայտարարության մեջ:
Ըստ Դևին Նունեսի և Դեվիդ Վալադաոյի՝ Միացյալ Նահանգները, որպես ազատության սկզբունքի հիման վրա կառուցված պետություն, պետք է աջակցի նրանց, որոնք պայքարում են իրենց հիմնարար իրավունքների պաշտպանության համար: «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բավական տառապել է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության պատճառով, և այժմ ժամանակն է, որ միջազգային հանրությունը ճանաչի ինքնորոշման նրա իրավունքը: Կոչ ենք անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը պայքարում է նույն բանի համար, ինչի համար 200 տարի առաջ պայքարել է Միացյալ Նա հանգները՝ կյանքի, ազատության և երջանկության ձգտման համար»,- եզրափակել են հայտարարության հեղինակները: