Բաժիններ՝

Ազգային ծրագիր՝ ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար

ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով մշակվել է 2016-2018 թվականների ազգային ծրագիր: ԱԺ Առողջապահության, Մայրության և մանկության և Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները վաղը համատեղ լսումներ են կազմակերպում դրա շուրջ:

ՀՀ միգրացիայի պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանից 168.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք նման ծրագրերն ընդհանրապես կարո՞ղ են որևէ կերպ նպաստել ժողովրդագրական վիճակի բարելավմանն ու ծնելիության աճին: Գ.Եգանյանը դրական պատասխան տվեց, սակայն նշեց, որ այլ հարց է, թե ինչքանով է իրատեսական այդ ծրագիրը, ինչքանով են ճիշտ քայլեր նախատեսվել, և այլն:

«Առանց ծրագրի՝ չի կարող որևէ հարցի վերաբերյալ առաջընթաց լինել: Ցանկացած խնդիր ծրագրերի միջոցով է իրականացվում»,- ասաց Գ.Եգանյանը:

Ըստ ազգային ծրագրի՝ 2011-2013 թվականներին ծնունդների տարեկան թվաքանակի նվազմանը և 2014 թվականին գրանցված նշանակալի աճին 2015 թվականին կրկին հաջորդեց ծնունդների թվաքանակի նվազում: Ծրագրի հեղինակները նշում են, որ բնակչության աճի վրա ազդող առաջնային գործոններից են միգրացիոն գործընթացները, մասնավորապես՝ 2008-2015 թթ. միջազգային ուղևորահոսքերի մնացորդը շարունակում է մնալ բացասական` 2008 թ. կազմելով – 23100, 2009-ին` -25000, 2010-ին` -46684, 2011-ին` -43820, 2012-ին` – 42811, 2013-ին` -31188, 2014-ին` -41672, իսկ 2015-ին` – 43438:

Կարդացեք նաև

Միջազգային չափանիշներով Հայաստանի բնակչությունը ժողովրդագրական առումով համարվում է ծերացող, որի հետևանքներից հնարավոր չէ խուսափել: «Այդ իսկ նկատառումով, սույն ծրագրի գործողության շրջանակներում առաջիկա տարիներին՝ որպես ՀՀ ժողովրդագրական քաղաքականության հիմնական նպատակ, սոցիալ-տնտեսական զարգացմանը, աղքատության և գործազրկության կրճատմանը զուգահեռ՝ պետք է հանդիսանա բնակչության թվաքանակի աճի ապահովումը` շեշտադրումը կատարելով հատկապես երիտասարդ ու բազմազավակ ընտանիքներին առարկայական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ, ինչը բարերար ազդեցություն կունենա բնակչության բարեկեցության և միգրացիոն բացասական մնացորդի նվազեցման վրա»,- նշվում է ծրագրում: Ի թիվս այլ միջոցառումների՝ ծրագրի հեղինակները նպատակ են դրել ավելի դյուրինացնել երիտասարդ ընտանիքների բնակարանային ապահովության առկա ծրագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս