Բաժիններ՝

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը Ասադին, ՌԴ-ին ու Իրանին մեղադրել է Սիրիայում ռազմական հանցագործությունների մեջ

ԱՄՆ Ներկայացուցիչների արտասահմանյան հարցերով կոմիտեն երեկ միաձայն երկու բանաձև է ընդունել, որոնք Օբամայի ադմինիստրացիայից պահանջում են ավելի վճռական գործողություններ ձեռնարկել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ու օգնել Սիրիայի ժողովրդին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Նոր բանաձևը պարունակում է մեղադրանքներ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ու նրա դաշնակիցների, մասնավորապես Իրանի ու Ռուսաստանի հասցեին՝ նրանց մեղադրելով Սիրիայի խաղաղ բնակչության դեմ ռազմական հանցագործություններ գործելու մեջ:
Փաստաթղթում, մասնավորապես, ընդգծվում է, որ սիրիական հակամարտության զոհերի մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են, ովքեր սպանվել են Սիրիայի կառավարության ու նրա դաշնակիցների, այն է՝ Ռուսաստանի Դաշնության, Իրանի ու Իրանի աջակիցների կողմից, ինչպիսիք է «Հեզբոլլահը»:

Ռազմական հանցագործությունների մասին այդ բանաձևը կոչ է անում Օբամային հանձնարարել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչին նպաստել ռազմական հանցագործությունների հարցերով ռազմական տրիբունալի ստեղծմանը, որը կդատի նրանք, ովքեր Սիրիայում իրականացրել են մարդկության դեմ գործած հանցագործություններ:

Փաստաթղթում նշվում է, որ Սիրիայի կառավարությունը «լայնորեն օգտագործում է կտտանքներն ու բռնաբարությունները, օգտագործում է սովը՝ որպես պատերազմի վարման տեսակ ու իրականացնում է խաղաղ բնակիչների սպանություններ՝ օգտագործելով քիմիական զենք, կասետային ու տակառային ռումբեր»:

Ներկայացուցիչների պալատից հանրապետական Էդ Ռոյսը հայտարարել է, որ միջազգային տրիբունալի ստեղծումը ցույց կտա սիրիացիներին, որ իրենց մասին չեն մոռացել: Հակամարտությունն սկսելու պահից ի վեր սպանվել է 425 հազար սիրիացի: Մոտ 4 մլն մարդ դարձել է փախստական:

Բանաձևի նախաձեռնող, հանրապետական Քրիս Սմիթը հայտարարել է, որ տրիբունալներն արդյունավետ գործիքներ են, որոնք թույլ են տալիս մեղավորներին պատասխանատվության ենթարկել:

Բանաձևում նաև նշվում է, որ Ռուսաստանը ոչ միայն օգնում է Ասադին, այլև «անձամբ է խախտում միջազգային իրավունքը՝ դիտավորյալ ռմբակոծելով քաղաքացիական օբյեկտները, ինչպիսիք են փռերը, հիվանդանոցները, շուկաներն ու դպրոցները»:
Որոշ օրենսդիրներ պահանջել են ԱՄՆ Պետդեպից ԴԱԻՇ-ի իրականացրած հանցագործությունները «ցեղասպանություն» որակել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս