Բաժիններ՝

Հարուցվել է նոր քրեական գործ՝ Հանրաքվեի թիվ 4/12 տեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է այլ անձանց կողմից Հանրաքվեի թիվ 4/12 տեղամասում 5 անձի փոխարեն քվեարկելու դեպք:

Մասնավորապես՝ հիշյալ 5 քաղաքացիները նախաքննական մարմնին հայտնել են, որ իրենք 2016 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների Հանրաքվեին չեն մասնակցել, ոչ իրենց, ոչ էլ որևէ մեկի փոխարեն քվեարկություն չեն կատարել:

Նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությամբ՝ նշված 5 անձանց անունների դիմաց առկա ստորագրությունները չեն կատարվել հիշյալ տեղամասի հանձնաժողովի նախագահի, քարտուղարի կամ անդամների կողմից, այլ կատարվել են այլ անձանց կողմից:

Հանրաքվեի թիվ 4/12 տեղամասում 5 անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության կարգով ընթացքը լուծելու համար:

Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Հանրաքվեի գործընթացների հետ կապված խախտումների փաստերով 2016 թվականի մարտի 3-ի դրությամբ հարուցվել և քննվել են 36 քրեական գործեր, որոնցից 8-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 13 քրեական գործ կարճվել է, 2 քրեական գործ կասեցվել է, 3 քրեական գործ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, իսկ 10 քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս