Բաժիններ՝

Լևոն Յոլյանն՝ իր առաջին քայլերի և բիզնես ունենալու մասին

«Խորանալու եմ ոլորտի պրոբլեմների մեջ և փորձելու եմ օպտիմալ լուծումներ գտնել»,- այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Լևոն Յոլյանը՝ պատասխանելով հարցին, թե որո՞նք են լինելու նախարարի պաշտոնում իր առաջին քայլերը: Նա նշեց, որ ոլորտի հետ կապված հարցերի վերաբերյալ մանրամասն կխոսի որոշ ժամանակ անց:

Դիտարկմանը, որ նրանք, ովքեր ներգրավված էին Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբում և կուսակցական չէին, հանրաքվեից կարճ ժամանակ անց պաշտոն ստացան, այդպիսով միգուցե իշխանությունները վարձահատո՞ւյց եղան աշխատանքի համար, Լևոն Յոլյանը պատասխանեց, որ ընդգրկված է եղել ոչ միայն «Այո»-ի շտաբի աշխատանքներում, այլև Ազգային ժողովի և նախագահական ընտրությունների ընթացքում Հանրապետական կուսակցության շտաբի աշխատանքներում:

Հարցին, թե ինչո՞ւ չի անդամակցում Հանրապետական կուսակցությանը, Լևոն Յոլյանը պատասխանեց.

«Ունեմ համապատասխան մոտեցումներ՝ երբևիցե, բացի Կոմունիստական կուսակցությունից, որի շարքերն ընդունվել եմ ուսանող տարիներին, այլ կուսակցության անդամ չեմ եղել»:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այն հանգամանքը, որ ԱՊՀ-ում էլեկտրաէներգիան ամենաթանկն է, Լևոն Յոլյանը պատասխանեց, որ ինքը՝ որպես ՀՀ քաղաքացի և նախարար, կցանկանա, որ հոսանքը լինի շատ մատչելի, պետք է ուսումնասիրի ոլորտը, հնարավորություն պայմաններում միայն խոստումներ կտա:

Անդրադառնալով իր՝ բիզնեսներ ունենալու մասին տեղեկատվությանը, Լևոն Յոլյանն ասաց, որ 1994-1998թթ. բնակվել է Մոսկվայում:

«Հենց առաջին հաջողությունների դեպքում ընտանիքով ներդրումներ ենք արել Հայաստանում: Բոլորդ երևի թե տեղյակ եք, 1996թ. առաջին լավ, նոր վերանորոգված խանութն Ամիրյան 12 հասցեում գտնվող «Samsung» ֆիրմայի խանութն էր, որը մինչև վերջերս գործում էր»: Նա նշեց, որ խանութն աշխատել է մինչև 2006թ. վերջը, այս տարիների ընթացքում բազմիցս եղել է խոշոր հարկատուների ցանկում.

«Վերջին տարիներին ինչ-որ խնդիրներ առաջացան: Գյումրիում խանութ կար, Մաշտոցի պողոտայի վրա խանութ կար: Դրանք փակվել են, կարող եք այցելել, տեսնել»: Նա նշեց, որ խանութով միշտ զբաղվել է, «ձևակերպված է եղել» իր տնտեսագետ կինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս