Մեր ընտանիքում նոր կյանք կա, նոր շունչ ու նոր գարուն. Անուշ Արշակյանը պատմում է Ինգա Արշակյանի նորածին դստեր մասին. Life.panorama.am
Մարտի 1-ին ժամը 19:07 րոպեին ծնվել է Ինգա Արշակյանի դուստրն ու իրենց ընտանիքի համար գարնան մեկնարկն էլ ավելի ջերմ դարձրել: Life.panorama.am-ը խոսել է նորաթուխ մորաքրոջ՝ Անուշ Արշակյանի հետ, ով պատմել է փոքրիկից եւ զգացողություններից, որն այս պահին ունեն:
«Սա անասելի, անպատմելի երջանկությունն է: Մեր ընտանիքում նոր կյանք կա, նոր շունչ ու նոր գարուն: Մարտի 1-ին ծնվեց մեր փոքրիկը, մեր գարնան առաջին թռչնակը: Փոքրիկը բոլորիս համար էր շատ սպասված, նա հրաշք է, որի գալուստով բոլորս անչափ երջանիկ ենք»,- նկատեց Անուշ Արշակյանն ու հայտնեց, որ փոքրիկի անունն արեդեն որոշված է.
«Երկար տատանումներից հետո ի վերջո Ինգան ու Աշոտը որոշեցին փոքրիկին անվանել Մարիա, համենայնդեպս այսօրվա տվյալներով նրանց որոշումը Մարիա անվան վրա է կանգ առել»,- ծիծաղելով նշեց երգչուհին:
Երեկ՝ մարտի 2-ին, Ինգա եւ Անուշ Արշակյանների լուսահոգի հոր ծննդյան օրն էր, ինչի պատճառով Անուշ Արշակյանը մեզ հետ զրույցում փոքր-ինչ սրտնեղած էր, բայց երգչուհին վստահ է՝ հոր ծնունդից մեկ օր առաջ լույս աշխարհ եկած փոքրիկը հոր բարեխոսությամբ էր հենց մարտի 1-ին ծնվել. «Երեկ առավոտյան պատկերացրեցի, թե հայրս ողջ լինելու դեպքում, ինչ ուրախությամբ կդիմավորեր թոռնուհուն. Այդ մտքերից մի փոքր տխրեցի, բայց վստահ եմ, որ նա վերեւից է մեզ տեսնում եւ ուրախանում: Հավատում եմ, որ ոչինչ պատահական չէ եւ հայրս հաստատ վերեւում բարեխոսել է, որ հենց իր ծննդյան նախորդող օրը մեր ընտանիքում նոր կյանք ծնվի»,- նշեց նա:
Անուշ Արշակյանը նկատեց, որ Մարիան ոչ մեկին չի նեղացրել, անգամ մորաքրոջը. «Մեր փոքրիկի աչքերը Ինգային է նման, դունչն ու քիթիկը պապայինն է, ինքս հայրիկիս հետ էլ փորձեցի նմանություններ գտնել, բայց թուշիկի փոսիկը իմն է,- ծիծաղելով նկատեց Անուշն ու ոգեւորությամբ պատմեց,- Բալիկը դեռ Ինգուլի փորիկի մեջ էր, երբ խոստացա, որ եթե փոքրիկը թուշիկին իմ փոսիկից ունենա, ուրեմն գիշերները հերթափոխով կպահեմ նրան, մամայություն կանեմ, դե իսկ հիմա, երբ մեր փոքրիկը հուսախաբ չարեց մորաքրոջը, պետք է խոսքիս տերը լինեմ»:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: