Բաժիններ՝

Բժշկուհի Ա. Պետրոսյանը որպես մեղադրյալ ներգրավված է միանգամից երկու քրեական գործում. Դատարանը կքննի դրանք միացնելու հարցը

2016 թվականի փետրվարի 29-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում կայացավ 2015 թվականի հունիսի 16-ին Արմավիրի բժշկական կենտրոնում մահացած մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի գործով չորրորդ դատական նիստը:

Հիշեցնենք, որ երեխայի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Ա. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան Անի Չատինյանը ներկայացնում է տուժող Կարինե Հովհաննիսյանի իրավահաջորդների շահերը: 2016 թվականի փետրվարի 29-ի դատական նիստին շարունակվեց գործով ներգրավված վկաների հարցաքննությունը: Արմավիրի բժշկական կենտրոնի բուժաշխատող Ռուզաննա Սարիբեկյանը ևս, որը բերման էր ենթարկվել դատարան, իր ցուցմունքում նշեց, որ կատարել են անհրաժեշտ գործողություններ՝ նշելով որ Կ. Հովհաննիսյանի ջերմությունը իրենք չափել են, բայց կոնկրետ ով է չափել, այդպես էլ ոչ մի վկա չկարողացավ նշել: Երեխայի վիճակի, կատարվող հետազոտությունների և ախտորոշման վերաբերյալ հարցերին վկան խուսափողական պատասխաններ էր տալիս՝ նշելով, որ հարցերին ավելի հստակ պատասխաններ կարող են տալ բժիշկները:

Երեխայի հարազատները պնդում են, որ իրենց երեխայի ջերմությունը որևէ բուժաշխատող չի չափել նույնիսկ ստամոքսի լվացման ժամանակ իրենք են բժշկին օգնել` ոչ թե բուժաշխատողները: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արմավիր ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Ա. Պետրոսյանը որպես մեղադրյալ ներգրավված է նաև մեկ այլ քրեական գործում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով. Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ, մանկահասակ Է. Ամիրխանյանին բժշկական օգնություն ցուցաբերելիս իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք պատշաճ չի կատարել, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:

Գործով մեղադրանքը պաշտպանող դատախազի կողմից միջնորդություն ներկայացվեց՝ երկու քրեական գործերը` Կ. Հովհաննիսյանի և Է. Ամիրխանյանի մահվան վերաբերյալ քննվող քրեական գործերը, միացնելու և մեկ վարույթում քննելու վերաբերյալ:

Դատախազի կողմից ներկայացված միջնորդությունը քննելու և որոշում կայացնելու համար դատական նիստը հետաձգվեց և վերանշանակվեց 2016 թվականի մարտի 23-ին՝ ժամը 14:00-ին, որի ժամանակ էլ Դատարանը կհրապարակի քրեական գործերը միացնելու վերաբերյալ կայացված որոշումը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս