Վստահելի աղբյուր` Վենետիկից. «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Հանրությունից երկար ժամանակ թաքցվող Ընտրական օրենսգրքի նախագիծը ի վերջո ի հայտ եկավ: Բայց մեզ` հայաստանցիներիս վերաբերող փաստաթուղթը սկզբում հայտնվել է ոչ թե Ազգային ժողովի, կառավարության կամ որեւէ պետական գերատեսչության կայքում, ոչ էլ նույնիսկ որեւէ հայաստանյան լրատվամիջոցում, այլ… Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքէջում՝ անգլերեն:
Եվ հետո միայն «պարզվեց», որ այդ եւ հարակից օրենքների նախագծերը ոչ միայն պատրաստ են, այլեւ ընդգրկվել են կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Մինչ այդ դրա մասին գիտեին միայն մի քանի ընտրյալներ եւ Վենետիկի հանձնաժողովը:
Առաջին հայացքից ընդդիմության մտահոգությունները, որոնք հայտնվում էին Ընտրական օրենսգրքի կապակցությամբ, կարծես թե, տեղին են: Բայց դրա մասին դեռ հնարավորություն կլինի խոսելու: Այս պահին առավել էական է, որ մի փաստաթուղթ, որին Հայաստանի հանրությունը ծանոթ չէ, որը չի քննարկվել ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, թեկուզ ամենանախնական ձեւով սկզբում ներկայացվել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովին, որն այն այնքան «ոչ նախնական» է համարել, որ որոշել է հրապարակել:
Ստացվում է, որ մեր օրենքների նախագծերի մասին մենք առաջին հերթին իմանում ենք միջազգային կազմակերպության ստորաբաժանումներից մեկի կայքից…
… Մի քիչ Վենետիկի հանձնաժողովի կայքը փորփրենք, գուցե այնտեղից տեղեկատվություն քաղենք, թե ինչ է պատրաստվում անել Լեւոն Յոլյանը էներգետիկայի նախարարի պաշտոնում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: