ՆԱՏՕ-ն բարձր է գնահատել խաղաղապահ առաքելություններին հայկական զորախմբերի մասնակցությունը

ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի Պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում ՀՀ գործընկերության նպատակների նոր փաթեթը համաձայնեցնելու նպատակով փետրվարի 29-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում էր գտնվում ՆԱՏՕ-ի կառույցների համահավաք պատվիրակությունը: Պատվիրակությունը գլխավորում էր Հյուսիսատլանտյան Դաշինքի գլխավոր քարտուղարի` պաշտպանական քաղաքականության և պլանավորման հարցերով փոխօգնական Ջոնաթան Փերիշը:

ՀՀ պաշտպանության նախարարության` ՆԱՏՕ-ի հետ համագործակցության համար պատասխանատու աշխատակիցների և ՆԱՏՕ-ի պատվիրակության միջև կայացած եռօրյա քննարկումները նվիրված են եղել Պլանավորման և Վերանայման գործընթացի 2014-2015թթ. փաստաթղթով սահմանված գործընկերության նպատակների կատարման վերստուգմանը, առաջիկա երկու տարիների համար գործընկերության նոր նպատակների համաձայնեցմանը:

Մարտի 2-ին Ջոնաթան Փերիշին և նրա գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հիմնական ուղենիշները, մասնավորապես, գործընկերության նպատակների կատարման ընթացքը: ՀՀ պաշտպանության նախարարը արժևորել է պաշտպանական գերատեսչության համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, որը ծառայեցվում է ինչպես միջազգային անվտանգության ապահովման գործում Հայաստանի հանձնառությունների կատարմանը, այնպես էլ Հայաստանում պաշտպանական վերափոխու մների իրականացմանը: Իր հերթին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնականը բարձր է գնահատել ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղապահ առաքելություններին հայկական զորախմբերի շարունակական մասնակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս