Նոր ընտրական օրենսգրքի հիմնական դրույթները
Եվրոպական Միության Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի անգլերեն տարբերակը: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ուսումնասիրեց այն և առանձնացրեց առավել հետաքրքիր նորամուծությունները:
Ընտրական տարածքները
- 41 ընտրատարածքների փոխարեն այժմ լինելու են 13 ընտրական տարածքներ՝ 4-ը Երևանում, 9-ը մարզերում (Վայոց Ձորն ու Սյունիքը մեկ տարածք են կազմելու): Երևանի տարածքում կազմավորվում է 4 ընտրական տարածք՝ 1-ին ընտրական տարածքում ընդգրկվում են Ավան, Նոր-Նորք, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները, երկրորդում՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջանները, երրորդում՝ Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջանները, չորրորդում՝ Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանները:
ՏԻՄ ձևավորումը՝
- Բացի Երևանից, այժմ նաև Գյումրիի և Վանաձորի ավագանիները ևս կընտրվեն համամասնական ընտրակարգով, իսկ քաղաքապետերը կընտրվեն արդեն ավագանու կողմից: Մյուս համայնքների մասով էական փոփոխություն չկան:
Ազգային ժողովի ձևավորումը՝
- ԱԺ պատգամավորների նվազագույն թիվը սահմանվում է 101:
- Եթե ԱԺ քվեարկության արդյունքում որևէ կուսակցութունը ստացել է 53 մանդատ, ապա ԱԺ-ն համարվում է ընտրված և ունենում է 101 պատգամավոր:
Եթե կուսակցություններից որևէ մեկը 53 մանդատ չի հավաքվում, ապա 101 մանդատները բաշխվում են և անցկացվում է 2-րդ փուլ: - Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները ներկայացնում են մեկ համապետական համամասնական ընտրական ցուցակ և 13 տարածքային ընտրական ցուցակ (ամեն տարածքի համար՝ մեկական):
- Կուսակցության ստացած մանդատների կեսը տրվում են կուսակցության համապետական ցուցակի թեկնածուներին` ըստ հերթականության: Մանդատների մնացած մասը բաշխվում է կուսակցության տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուների միջև:
- Ընտրության երկրորդ փուլը անցկացվում է քվեարկությունից հետո 21-րդ օրը: Ընտրության երկրորդ փուլին մասնակցելու իրավունք ունեն առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցություններն ու դաշինքները: Երկրորդ փուլում հաղթած կուսակցությունը կամ դաշինքը ստանում է այնքան մանդատ, որ իր պատգամավորների ընդհանուր թիվը կազմի ԱԺ-ի 54 տոկոսը:
- Միաժամանակ, եթե քվեարկության արդյունքում որևէ կուսակցություն կամ դաշինք ստանում է մանդատների ավել քան 2/3-ը, ապա մյուսներին տրվում են լրացուցիչ այնքան մանդատ, որ ունենան ԱԺ-ի առնվազն 1/3-ը:
- Լրացուցիչ մանդատներ են նախատեսված նաև ազգային փոքրամասնությունների համար:
Քվեարկության կարգը՝
- Յուրաքանչյուր ընտրական տեղամասում միաժամանակ գտնվող տեղացի դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցիչների ընդհանուր թիվը սահմանափակվել է 8-ով:
- Այժմ ոչ միայն միջազգային, այլև տեղական դիտորդական կազմակերպությունները կարող են մասնակցել ընտրություններին բացառապես ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի կամ ԿԸՀ-ի հրավերի առկայության դեպքում: Այսինքն, նման հրավեր չունեցող կազմակերպությունները դիտորդությամբ չեն կարող զբաղվել:
- Ընտրողների գրանցումը կատարվելու է էլեկտրոնային համակարգի միջոցով, որով տեղամասում գտնվող հատուկ տեխնիկական մասնագետը գրանցելու է ընտրողներին: Ընտրողները կկարողանան գրանցվել թե սովորական անձնագրերով, թե բիոմետրիկ անձնագրերով և թե նույնականացման քարտերով:
Համակարգը ճշտելու է, թե արդյո՞ք քաղաքացին ընդգրկված է ընտրողների ցուցակում և արդյո՞ք չի քվեարկել: Բացի այդ, եթե քաղաքացին քվեարկում է բիոմետրիկ անձնագրով կամ ID քարտով, ապա համակարգչի էկրանին կերևա ընտրողի նկարը:
Եթե համակարգը ընտրողին ճանաչում է ու տալիս է քվեարկելու իրավունք, ապա ավտոմատ կերպով տպվում է մի թերթիկ, որը փոխանցվում է ընտրողներին գրանցող հանձնաժողովի անդամին,
- Ազգային ժողովի, ինչպես նաև Երևանի, Գյումրիի ու Վանաձորի ավագանինների ընտրության ժամանակ քաղաքացիներին տրվելու են գունավոր քվեաթերթիկներ: Յուրաքանչյուր կուսակցություն (կամ դաշինք) ունենալու է իր գույնը և քաղաքացին ծրարի մեջ է դնելու իր նախընտրած գույնի քվեաթերթիկը՝ այդպիսով կատարելով քվեարկությունը: Այդ ընտրությունների ժամանակ քվեարկության ծրարները հանդիսանալու են հատուկ հաշվառման փաստաթուղթ:
- Համամասնական ընտրությունների ժամանակ ընտրողը իր նախընտրած կուսակցության քվեաթերթիկի հակառակ կողմում (ցանկության դեպքում) կատարելու է ռեյտինգային քվեարկություն: Համամասնական ընտրությունների ժամանակ քվեատուփի մեջ գցվելուց առաջ քվեարկության ծրարը դակվելու է հատուկ դակիչով (կնիքի փոխարեն):
- Բացի երեք մեծ քաղաքներից այլ համայնքների ղեկավարների և ավագանու ընտրությունը և դրա քվեարկության ընթացակարգը մնացել է նույնը:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»