
«Ջեբհաթ ան Նուսրա»-ի ահաբեկիչները գնդակոծել են Հալեպի քրդաբնակ թաղամասերը

«Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները մարտի 2-ին ականանետներից եւ ծանր հրանոթներից գնդակոծել են Հալեպի բնակելի թաղամասերը: Ինչպես տեղեկացնում Firat լրատվական գործակալություը, նրանց կողմից արձակված արկերը պայթել են Շեյխ Մաքսուդի եւ Աշրաֆիայի շրջաններում, որտեղ ապրում է քաղաքի քուրդ բնակչությունը: Նախնական տվյալներով՝ զոհվել է երկու եւ վիրավորվել՝ հինգ մարդ:
Գնդակոծումն իրականացվել է Բանի Զեյդ արվարձանից, որը գրավված է ահաբեկիչների եւ թուրքամետ «Ահրար աշ Շամ» խմբավորումից նրանց դաշնակիցների կողմից:
Firat-ի տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 16-ից մինչեւ 28-ը Հալեպի քրդաբնակ երկու շրջաններում գնդակոծումների զոհ են դարձել 28 խաղաղ քաղաքացիներ, 314 բնակիչներ վերքեր են ստացել:
Սիրիայում փետրվարի 27-ին ուժի մեջ մտած երկշաբաթյա զինադադարը չի տարածվում ահաբեկչական երկու խմբավորումների՝ «Ջեբհաթ ան Նուսրա»-ի եւ «Իսլամական պետության» վրա: