«Նույնիսկ թուրք-քրդական պատերազմի պայմաններում Թուրքիայի պետությունը շարունակ օգտագործում է հայի անունը՝ կուժն ու կուլան հայերի գլխին կոտրելու համար». Միհրան Փրկիչ Գյուլթեքին

Այսօր լրագրողների հետ հանդիպել էին Հայաստան ժամանած մի խումբ իսլամացած հայեր, ովքեր խոսեցին Թուրքիայի տարածքում ապրող իսլամացած հայերի և հասուն տարիքում իրենց արմատներին վերադարձած դերսիմահայերի խնդիրների մասին:

Հանդիպումը մեկնարկեց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանի խոսքով, ով ներկայացրեց Դերսիմի հայերի միության հիմնադիր Միհրան Փրկիչ Գյուլթեքինին (Mihran Pirgiç Gültekin), կինոռեժիսոր-վավերագրող Ուղուր Էգեմեն Իրեսին (Uğur Egemen Ires), 70-ամյա տարիքում մկրտված հայ Հարություն Իրեսին (Harutyun Ires), մկրտված դերսիմցի հայ Կարին Գյուլթեքինին (Karin Gültekin):

Դերսիմի հայերի միության հիմնադիր Միհրան Փրկիչ Գյուլթեքինը (Mihran Pirgiç Gültekin) պատմեց Հայաստան այցելության հիմնական նպատակի մասին.

«Մենք՝ որպես դերսիմցի ալևիացած հայեր, 6 տարի առաջ ենք սկսել վերադարձ դեպի մեր ինքնությանը: Այսօր մենք այստեղ ենք մեզ հետ եկած Հարություն Իրեսի հետ, ով ավելի քան 70 տարի ապրել է՝ որպես իսլամիստ ալևի, և ահա այսքան տարի անց վերադարձել է իր իսկական արմատներին՝ հայությանը, քրիստոնեությանը: Նա մկրտվել է, նաև իր թոռը՝ Ուղուր Էգեմեն Իրեսը, ով նույնպես այստեղ է գտնվում և ֆիլմ է նկարահանել 70 տարի չապրված այդ կյանքի պատմության մասին: Մենք միասին հնարավորություն ունենք այդ ֆիլմը նայելու այստեղ՝ Երևանում»:

Դերսիմի հայերի միության հիմնադիր Միհրան Փրկիչ Գյուլթեքինն անդրադարձավ նաև Թուրքիայում ապրող, ինքնության խնդիր ունեցող ծպտյալ հայերի և ինքնության վերադարձի անհրաժեշտության մասին: Միհրան Փրկիչ Գյուլթեքինն ասաց, որ այստեղ է եկել իր կնոջ հետ, ով անցյալ 6 դժվար ու հուզումնալից տարիների վկան է. «Արևմտահայաստանում՝ Սասունում, Զեյթունում, Կարինում, Սեբաստիայում, Դերսիմում, Խարբերդում, ծպտյալ հայերի թվի մեծությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանք այնտեղ ապրում են շատ ճնշված պայմաններում և դժվարություններ են ունենալու, եթե շրջապատում բացահայտվի, որ իրենք հայ են: Այդ է միակ և հիմնական պատճառը՝ իրական ինքնությունը գաղտնի պահելու, սակայն, երբ անհատական զրույցներ ենք վարում նրանց հետ, նրանց զգալի մեծամասնությունը բացահայտվում է ու ասում, որ հայ է»:

Միհրան Փրկիչ Գյուլթեքինը պատմում է, որ Ցեղասպանությունից հետո Թուրքիայի տարածքներում մնացած քիչ քանակությամբ հայերն իրենց ապրած տարածաշրջանների քաղաքական և կրոնական պատկանելությունների հետ են ձուլվել.

«Օրինակ, Դերսիմում ապրողներն ալևի կամ սուննի են դարձել, այլ կերպ ասած՝ թաքնվել են՝ ով ինչպես հաջողացրել է: Նրանց թվաքանակի մասին տարբեր կարծիքներ կան, որոնցից ամենահավաստին վկայում է, որ նրանք հասնում են 3-4 միլիոնի, սակայն, եթե Թուրքիայում վիճակը խաղաղվի, կարծում են՝ նրանց թիվը զգալիորեն ավելանալու է»:

Խոսելով Թուրքիայում ծպտյալ և ինքնությունը բացահայտած հայերին սպառնացող վտանգների մասին՝ Միհրան Փրկիչ Գյուլթեքինն ասաց. «Այսօր Թուրքիայում պատերազմական վիճակ է՝ թուրքերի և քրդերի միջև, սակայն ամեն ընձեռված առիթով մեջտեղ է հանվում հայերի անունը, և նույնիսկ թուրք-քրդական պատերազմի պայմաններում՝ Թուրքիայի պետությունը շարունակ օգտագործում է հայի անունը՝ կուժն ու կուլան հայերի գլխին կոտրելու համար»:

Միհրան Փրկիչ Գյուլթեքինի կինը, ով նույնպես ներկա էր լրագրողների հետ հանդիպմանը և ով մկրտված դերսիմցի հայ է, նշեց, որ ինքնությանը վերադարձ է կատարել բոլորովին վերջերս՝ մկրտվելով Գերմանիայում.

«Ինքնությունս՝ հայությունս, բացահայտելուց հետո ես ստիպված եղա դուրս գալ իմ աշխատավայրից՝ ռեստորանից, որտեղ աշխատել եմ ավելի քան 15 տարի, որովհետև իմ շրջապատում ապրող թուրքերը սկսեցին նկատելիորեն վատ վերաբերվել ինձ՝ ասելով, որ ես հայ եմ՝ գյավուր եմ, գյավուրի սերմ, ու, որ այլևս իմ ձեռքից կերակուր ուտելն արդեն մեղք է իրենց համար: Ես թողեցի այդ աշխատանքը, որովհետև այլևս անհնար էր աշխատել այդպիսի պայմաններում՝ սեփական անձիս նկատմամբ տեսնելով ու զգալով այդօրինակ ամենօրյա վերաբերմունք»:

Ընթացքում խոսվեց նաև թեմայի վերաբերյալ Թուրքիայում նկարահանված «Հոգու անարատ վիճակը» ֆիլմի մասին: Հանդիպմանը ներկա էին ֆիլմի ռեժիսորը՝ Ուղուր Էգեմեն Իրեսը (Uğur Egemen Ires), և ֆիլմի գլխավոր հերոսը՝ 70-ամյա տարիքում մկրտված հայ Հարություն Իրեսը (Harutyun Ires):

Տեսանյութեր

Լրահոս