
ՄԻՊ-ի հաղորդագրությունը՝ Նուբարաշենի գիշերօթիկ հաստատությունում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ահազանգի վերաբերյալ

Փետրվարի 29-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ստացվել այն մասին‚ որ 27.02.2016թ. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել է «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի սաներից երկուսի տատը և հայտնել‚ որ իր թոռները գտնվում են գիշերօթիկ հաստատությունում և ցանկանում են ինքնասպան լինել:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման և բռնությունների կանխարգելման ստորաբաժանումների ներկայացուցիչները հաղորդման ստացման օրն այցելել են գիշերօթիկ հաստատություն:
Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել գիշերօթիկ հաստատության տնօրենի‚ սոցիալական աշխատողների‚ ուսումնադաստիարակչական գծով մեթոդիստ-համակարգողի‚ ինչպես նաև հաստատության սաների հետ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ և ձեռք բերված տեղեկությունների հիման վրա իրավասու մարմիններից պահանջվել են անհրաժեշտ պարզաբանումներ:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ